Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Հայոց եկեղեցիներում հոգեհանգստի կարգ` Շարլ Ազնավուրի հոգու խաղաղության համար (լրացված)

$
0
0

տեղադրվել է ժամը 13։18-ին
լրացվել է ժամը 16։39- ին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում այսօր կեսօրին մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սուգ:

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում Ազնավուրի հոգու հանգստության համար աղոթքին մասնակցող մեր քաղաքացիները հիշում են, ափսոսում, գնահատում ու վերագնահատում: Շարլին հիշում են որպես արտիստի, ում ոչ մի համերգ բեմականացված չէր, քանի որ բեմը միայն նրանով արդեն լիքն էր: Հիշում են որպես մարդու՝ բացառիկ ոչ միայն իր երգերով, այլեւ դրանք բոլորն անգիր հիշելու ու ամեն անգամ նորովի վերապրելու ունակությամբ:

Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը նկատում է՝ Ազնավուրի երգերը եկեղեցական չեն, բայց դրանցում չափազանց շատ աղոթք կա:

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը մատուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ն։

Աշխարհն այս օրերին Ազնավուր է լսում, կարդում, դիտում, մեջբերում: Օդում խտացել է Ազնավուրի երգը: Հիշողություններում խտացել է Ազնավուրի կերպարը: Խտացել է այնքան, որ բավարարի նրա՝ ֆիզիկապես մեզ հետ չլինելու ողջ ընթացքի համար: Վերջին մի քանի օրը շարունակ Ազնավուր է հնչում նաեւ Հանրային ռադիոյի շենքի դիմաց:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 1032