Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը վերաթողարկվել է

$
0
0

sonahakobyan
Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել «Գարուն» ամսագրի` 2016թ. առաջին համարը: Անդրադառնալով կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագրի վերաթողարկմանն ու հեռանկարին՝ ամսագրի արդեն 6-րդ գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշել է, որ պահպանելով հին ավանդույթները՝ մատուցելու են ժամանակակից մարտահրավերներին համապատասխան նոր ամսագիր: Խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հայտնել է, որ 2016թ. առաջին համարը նվիրված է անկախության 25- ամյակին: Մինչև տարեվերջ լույս կտեսնի ևս 3 համար:

 

 

Կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրն իր ասելիքը չի ավարտել: Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո մեծ ավանդույթներ ունեցող ամսագիրն իր ընթերցողներին կներկայացնի 2016 թվականի առաջին համարը: Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները՝ ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ պահպանելով հին ավանդույթները՝ փորձելու են շարժվել նաև ժամանակին համահունչ:

«Ընթերցողը պետք է հստակ պատկերացում կազմի այդ ժամանակաշրջանի գրական մթնոլորտի մասին: Մենք   փորձելու ենք ողջ գրականության  դաշտը ամփոփել «Գարունի» էջերում և բանավեճեր հրահրել: Ամեն համարի համար ունենալու ենք հստակ հարցադրումներ: Ինչպես անդրադարձավ անկախությունը գրականության վրա, որին պատասխանել են մի քանի բանախոսներ: Փորձելու ենք քննադատության միջոցով վեր հանել խնդիրներ, նաև տալ դրանց լուծումներ»:

2016 թվականի առաջին համարն արդեն լույս է տեսել և նվիրվում է անկախության 25- ամյակին: Նոր համարը վկայում է, որ  «Գարունը» նոր գարուններ կբերի: Մինչև տարեվերջ լույս կտեսնի ևս 3 համար: Այս համարներում էլ շեշտը դրվելու է հրապարակախոսության վրա: Խոսելով ամսագրի որդեգրած քաղաքականության և հեռանկարների մասին`  խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ առաջնորդվել են չարենցյան նշանաբանով:

«Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր: Հուսով ենք, որ 50-ամյա «Գարունը» պիտի կարողանա ժամանակի շունչը պահել: Իհարկե 21-րդ դարում պետք է հաշվի առնենք, որ ամսագրի ձևաչափը մի փոքր նահանջում է ու ոչ միայն Հայաստանում: Սակայն իր ընթերցողին ինքը կգտնի, ես համոզված եմ դրանում»:

Գարունը շարունակելու է տպագրել հայ անվանի և երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Ակնարկներով, հոդվածներով և հարցազրույցներով այն բարձրացրել և բարձրացնելու է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիարակչական հարցեր։ Ամսագիրը նաև թարգմանական աշխատանքների մեծ ավանդույթ ունի և այս ավանդույթը ևս պահպանվելու է: Ամսագիրը լույս է տեսնելու 500 տպաքանակով և վաճառվելու է կրպակներում 1000 դրամով:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles