«Հայֆիլմ»-ին ոսկե պատեր պետք չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կինոստուդիան սկսի աշխատել»,-ասում է երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, ում՝ «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այս օրերին լայն թափ է ստանում: Նախաձեռնության հանդեպ դրական ու կառուցողական է տրամադրված նաև մշակույթի նախարարը: Հայ կինոյի վերածննդի համար կինոգործիչները ոչ միայն կինոստուդիայի վերածնունդն են կարևորում, այլև դաշտի օրենսդրական կարգավորումը: «Արվում է ամեն ինչ, որպեսզի 2017-ին ունենանք կինոյի մասին օրենք»,-վստահեցնում են մշակութային գերատեսչության պատասխանատուները:
«Հայֆիլմի» 100-ամյակը պետք է նշենք հենց «Հայֆիլմում»: Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի նպատակը ծնվել էր ամիսներ առաջ, երբ դեռ ծառայում էր բանակում, իսկ օրեր առաջ մեկնարկած նրա՝ «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան նախաձեռնությանն այսօր արդեն 1600 մարդ է միացել, հիմնականում՝ կինոգործիչներ: Սակայն կինոգործիչներից ոմանք մեծ վերապահումով են մոտենում երիտասարդ արվեստագետի նախաձեռնությանը՝ այն համարելով անիրատեսական: Նրանց թվում նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն է:
Ավագ գործընկերոջ հոռետեսությունը երիտասարդ ռեժիսորը չի կիսում:
«Ես հագնելու եմ բանվորական շորեր ու գնալու եմ «Հայֆիլմը» վերանորոգելու: Ինձ հետ կլինեն իմ ընկերներն ու բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ ընդունակ են փոփոխություններ անելու»,-ասում է ռեժիսորը: Չափազանց ուրախ է, որ նախաձեռնության հանդեպ դրական ու կառուցողական է տրամադրված նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հենց նրա հրավերով հանդիպել ու զրուցել են նախաձեռնության ու կինոյի խնդիրների մասին:
«Հայֆիլմին» ոսկե պատեր պետք չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կինոստուդիան սկսի աշխատել: Անհրաժեշտ է գոնե մեկ կինոդահլիճ, մի քանի տաղավարներ: Ինչ-որ մի կետից պետք է սկսել»,-ասում է ռեժիսորը: Հայ կինոյի վերածննդի համար կինոգործիչները ոչ միայն կինոստուդիայի վերածնունդն են կարևորում, այլև դաշտի օրենսդրական կարգավորումը:
Կինոգետ Դավիթ Մուրադյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Շատ հաճախ մեր միջազգային համագործակցությունը , հատկապես՝ կինոյի ոլորտում, սահմանափակվում է կամ առանձնապես հաջողությամբ չի զարգանում, որովհետև մեզ հարցնում են՝ իսկ դուք կինոյի մասին օրենք ունե՞ք»:
«Մենք ձգտում ենք, որպեսզի 2017-ին ունենանք Կինոյի մասին օրենք: Դա բխում է բոլորիս շահերից»,-ասում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա ձևակերպմամբ՝ կինոյի մասին օրենքի նախագիծը 90 տոկոսով պատրաստ է, և այս պահին կառավարությունում է:
Կառավարության հաստատումից հետո կինոյի մասին օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: «2017 թվականի գերակայությունների ցանկում մենք ներգրավել ենք օրենքի ընդունումը, որպես կառավարության հաստատմանը ենթակա առաջնահերթություններից մեկը»,-ընդգծում է փոխնախարարը: