Խնկո Ապոր անվան ազգային մանկակական գրադարանը գրապահոց լինելուց բացի դարձել է մշակութային կենտրոն՝ պարբերաբար հարթակ տրամադրելով երեխաներին իրենց ստեղծագործությունները մասսայականացնելու համար: Նախօրեին գրադարանը հյուրընկալել էր «Մակսեդան» օտար լեզուների դպրոցի սաներին: 6-13 տարեկան ստեղծագործողները, որոնք առաջին անգամ էին նմանօրինակ ցուցահանդեսի մասնակացում, ներկայացան գունային ողջ ներկապնակով, երեւակայական թռիչքով ու հեքիթային բարի հերոսներով:
Գույներ, գույներ, գույներ: Ըստ հոգեբանների, երեխանները նկարչության միջոցով ներկայացնում են իրենց ներաշխարհը, հոգեվիճակը, մտորումները, անհանգստությունները, ընկալումները: Եվ, ի տարբերություն մեծահասակների, երեխաներին է հաջողվում ամենագորշ իրականության մեջ անգամ ապագան տեսնել վառ գույներով: Գունային վառ ներկապնակով ու նույնքան երփներանգ ներաշխարհով Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում իրենց հասակակիցներին ներկայացան «Մակսեդան» դպորցի 6-13 տարեկան երեխաները: 9 ամյա Արի Ակոփը, ով ծնունդով Սիրիայից է՝ խաղաղություն է նկարել: Ինչո՞ւ խորագիրը ընտրեց խաղաղություն՝ հարցին, պատասախանեց ժպիտով. «Այն այսօր Սիրիային ու ամբողջ աշխարհին շատ է անհրաժեշտ»:
«Ես նկարել եմ եկեղեցի: Սրբատեղիի վերեւում հրեշտակներ: Փորձել եմ այս կերպ խնդրել, որ Աստված աշխարհին խաղաղություն բերի, չլինեն պատերազմներ, ապրենք խաղաղ եւ երջանիկ»:
Խաղաղության եւ երջանկության վառ գույներով 13-ամյա Գառնին Աշուն է նկարել: Խոսելով ստեղծագործության պատկերային մասի մասին նշեց, որ իր պատկերցմամբ աշունը շրջանաձեւ է, իսկ գույները վառ՝ նարնջագույնից մինչեւ ոսկեգույն: Ինչո՞ւ շրջանաձեւ՝ պարզաբանեց. «Խայտաբղետ գույներով տերեւները շրջան կազմելով թափվում են ու գեղեցկացնում Հայաստանը: Իմ նկարի անունը Աշուն է: Նախընտրել եմ կարմիր, դեղին եւ նարնջագույն գույները»:
12-ամյա Դիմիտրիոսը պատկերել է երկիր մոլորակը՝ իր գույներով եւ պահանջներով: Շրջակա միջավայրի պահապանության ջատագովը, դեմ է վերջինիս աղտոտմանը, անգամ բնապահպաներին ու ղեկավարներին իր նկարների միջոցով առաջարկներ է ներկայացնում, եւ մարդկությանը կոչ հնչեցնում:
«Որպեսզի մարդիկ նկարին նայեն եւ հասկանան, որ պետք չէ աղտոտել երկիր մոլորակը, ու հարկավոր է սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով: Չէ՞ որ Երկրին կարող է սպառնալ գլոբալ տաքացումը, այդ դեպքում դժվար օրեր կսպառնան մեզ: Հարկավոր է այսօրվանից հոգ տանել վաղվա օրվա եւ բնության մասին, հարկավոր է ստեղծել այլընտրանքային այլ աղբյուրներ՝ բոլոր ոլորտներում»:
Իսկ 8 էջից բաղկացած «Հրաշքների աշխարհ» գիրք-նկարների հեղինակ Մայրամիկը, իր երեւակայական անկյունն է ստեղծել: Ու այսպես է նկարագրում իր հեքիաթային աշխարհը:
«Սիրում եմ օգտագործել կանաչը, դեղինը, վարդագույնը: Կանաչը խոտերն են նկարագրում, դեղինը՝ իմ լուսավոր ու վառ արեւը, իսկ կապույտը՝ պարզ երկինքը»:
Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 100 աշխատանքների գլխավոր հեղինակ, նկարչության ուսուցչուհի Հռիփսիմե Ամիրջանյանը, գնահատելով եւ ներկայացնելով իր սաների աշխատանքները, ուրախությամբ նշեց, որ երեխաները մատիտների օգնությամբ արտահայտում են իրենց սերը, ցանկությունները, պատկերում երեւակայական մտորումները: «Աշխարհն ընկալում են զգայարաններով, իսկ ապրումները պատկերելու ամենակարող գործիքները դա կտավն ու վրձինն է»,-ասաց նկարչության ուսուցչուհին:
Շնորհակալություն հայտնելով Խնկո Ապոր գրադարանի ղեկավարությանը նման հնարավորություն տրամադրելու համար, դպրոցի տնօրեն Անուշ Սեդրակյանը նշեց, որ իրենք պատրաստ են մասնակցելու բոլոր մշակութային ծրագրերին, եթե վերջիններս իսկապես բացում են երեխայի անհատական տաղանդը եւ հնարավորութունները, «չեն դնում նրան որեւ շրջանակների ու սահմանագծի մեջ»:
«Մենք կարողանում ենք, երեխաներին թողնել հարմոնիկ զարգացման գեղեցիկ շրջապտույտում, եւ տեսնում եք արդյունքը որքան կրեատիվ է»:
Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական պատվոգրեր, ծանոթացան Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, շրջեցին գրադարանում՝ անուղղակի դառնալով Խնկո Ապոր գրադարանի ապագա ընթերցող: