Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Դրեզդենի սիմֆոնիկի Ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգը կհնչի Երեւանում

$
0
0

sonahakobyan

Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը՝ Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել անցյալ տարի Բեռլինում, որին հաջորդել են համերգները Դրեզդենում և  Բրանդենբուրգում: Առաջին իսկ համերգներից պարզ էր արդեն, որ նախագիծը մեծ հաջողություն կունենա: Համերգաշարի հայաստանյան մասնակից, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը վստահեցրել է, որ նախագիծը դեռ երկար ճանապարհ կանցնի: Համերգին ընդառաջ նախագծի ստեղծմանն է անդրադարձել նաև Դրեզդենի սիմֆոնի տնօրեն Մարկուս Ռինդտը և նշել, որ միավորելով հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին և այդ երկրների ստեղծագործությունները՝  նախագծի հեղինակներն այդպիսով փորձել են նաև երկխոսության հիմք դնել Թուրքիայի և Հայաստանի միջև:

 

Դրեզդեն Սիմֆոնիկերի  «Աղետ» ծրագիրը հայ ունկնդրին կներկայացվի նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին Բեռլինում: Առաջին իսկ համերգից սկսած՝ ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում: Ծրագրում ընդգրկված են Զեյնեփ Գեդիզլիօղլուի, Հելմուտ Օհրինի և մեր հայրենակից Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

Համերգի տեսագրությունը և Դրեզդեն Սինֆոնիկերի պատրաստած հարցազրույցները հեռարձակվեցին Բեռլինի ռադիոյով: Մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաև առցանց, ինչը հնարավորություն տվեց հանրության է՛լ ավելի մեծ զանգվածի իրազեկելու Հայկական հարցի մասին: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից, Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը: Սկսված արշավը, բնականաբար, զայրացրեց պաշտոնական Անկարային: Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` ներառելով Դրեզդենն ու Բրանդենբուրգը: Անդրադառնալով համերգային ծրագրին՝ կոմպոզիտոր  Վաչե Շարաֆյանը նկատեց, որ այն շատ խիզախ նախաձեռնություն է:

Ծրագրի գաղափարն իրականում ծնվել է դեռ 6 տարի առաջ, երբ Դրեզդենի սիմֆոնիկի տնօրեն Մարկուս Ռինդտը հանդիպեց կիթառահար Մարկ Սինանին:  Նրանք սկսեցին համագործակցել, երբ Մարկ Սինանը պատմեց իր տատիկի մասին, ով ազգությամբ հայ էր: Տատիկի պատմությունն այնքան է հուզել Մարկուս Ռինդտին, որ նրանք որոշել են այս  նախագծի միջոցով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: «Սկզբում մենք որոշեցինք բեմադրել «Մուսա լեռան 40 օրը», սակայն հետո փոխեցինք մեր որոշումը: Ընտրեցինք մեկ այլ ճանապարհ, այն է՝ միավորել հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին  և այդ երկրների ստեղծագործությունները՝ այդպիսով նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության հիմք դնելով»,- պատմում է Ռինդտը։

Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը նկատեց, որ այս նախագիծն ըստ էության շարունակում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շարքը:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles