Երևանի Բուկինիստ գրախանութում երեկ աննախադեպ եռուզեռ էր: Պատճառը Հայաստանում առաջին անգամ անցկացվող՝ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումն էր: «Բուկինիստ» ընկերության և «Արևիկ» հրատարակչության նախաձեռնած «գրքախառնումը» մշակույթի նախարարության աջակցությունն էր ստացել։ Մեր օրերում գրքի աննախադեպ հերթ երևանյան գրախանութում, սա երազանք չէ, այլ փաստ, որն անձամբ տեսել ու արձանագրել է «Ռադիոլուրը»։
20-րդ դարի բռնապետերի կենսագրությունից մինչև հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Գրքախառնության գիշերը Երևանի Բուկինիստ գրախանութում գրքերի հարուստ տեսականու մեջ՝ յուրաքանչյուրը փնտրում էր իր նախասիրած գիրքը: Ժամը 19-ից հետո բառի բուն իմաստով Բուկինիստում ասեղ գցելու տեղ չկար: Աննախադեպ եռուզեռի պատճառը Հայաստանում առաջին անգամ անցկացվող՝ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումն էր: «Բուկինիստ» ընկերության և «Արևիկ» հրատարակչության նախաձեռնած «գրքախառնումը» մշակույթի նախարարության աջակցությունն էր ստացել։ Գրախանութն ամբողջ տեսականու համար սահմանել էր 30% զեղչ: Գրքախառնության գիշերը երեկ կոտրեց տարածված կարծիքը, թե նոր սերունդը գիրք չի կարդում։
<<Ոչ միայն վերջին տարիներին, այլ ընդհանրապես գրախանութում նման հերթ ես չէի տեսել>>,- խոստովանում է <<Գարուն>> ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը: Համոզված է, որ կուտակված հերթի պատճառն ամենևին է ողջ տեսականու համար սահմանված 30 տոկոս զեղջը չէ, այլ ՝ ոգևորությունը, ինչը Բուկինիստ գրախանութի և մշակույթի նախարարության որդեգրած մոտեցման արդյունքն է։
Երիտասարդ գրող Արմեն Սարգսյանն ասում է, որ Երևանում այսօր հնարավոր է գտնել ցանկացած գրականություն: Վստահեցնում է՝ վաղուց անցել են ժամանակները, երբ լավ գիրք ձեռք բերելն այստեղ խնդիր էր:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի գրական նախասիրությունները տարիների ընթացքում փոխվել են: եթե նախկինում գրախանութ էր մտնում հիմնականում ժամանակակից գրականություն, ինչպես ինքն ասում, պեղելու համար, ապա այսօր գրախանութ է մտնում գործընկեր հրատարակիչների աշխատանքը տեսնելու, գնահատելու ակնկալիքով։
Հստակեցնելով մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականությունը գրահրատարակչության ոլորտում՝ մեջբերենք գերատեսչության երեկ տարածած հաղորդագրությունից որոշ մանրամասներ. << Մենք որոշել ենք գրավաճառությունից դուրս գալ։ Այսինքն, գիրք չենք վաճառելու, պետական պատվերով սահմանափակ քանակությամբ գրքեր ենք հրատարակելու, որոնք կտրվեն մարզային և համայնքային գրադարաններին, կուղարկվեն դպրոցներ, Սփյուռքի կառույցներ, մշակութային կենտրոններ>>։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբ, արվելու է շուկայի ուսումնասիրություն, ինչը պետք է պարզի ներքին, արտաքին, ինչպես նաև Սփյուռքի պահանջները և պետական կարիքները։ Ինչ վերաբերում է ժամանակակից գրողներին պետական աջակցությանը, նախարարության նոր մոտեցումն է՝ հրատարակչին գիրք չեն պատվիրելու, փոխարենն աջակցության այլ միջոցներ են առաջարկելու:
Ի դեպ՝ հավելենք, որ Բուկինիստում կազմակերպված գրքախառնության գիշերվա ակտիվ մասնակիցների թվում նաև մշակույթի նախարարն էր։