Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում դեկտեմբերի 25-ից խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը:
«Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես և խոստացել էր, բեմադրություն է պատրաստել: Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաև Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա և կկախարդի հեքիաթի հերոսներին և…»,- ասել է Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը։