«Խոստանում եմ, որ 2017-ը կլինի մշակույթով լեցուն տարի». ամանորյա շնորահավորանքից ու խոստումներից առաջ մշակութային գերատեսչության ղեկավարն այսօր ամփոփել է մշակութային տարին՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնելով արվածն ու 2017-ի ծրագրերը: Հայաստանի ժողարվեստի թանգարանում կազմակերպված ասուլիսին նախարարը ներկայացել է անակնկալով:
«Գրահրատարակչության ոլորտում մշակույթի նախարարությունն ամբողջությամբ փոխել է պետական աջակցության և ֆինանսավորման համակարգը:
Թանգարանների ոլորտում ևս նոր մոտեցումներ են որդեգրվել. աուդիո վիզուալ համակարգերի ներդրման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: 2017-ին նոր թանգարաններ ենք ունենալու՝ Լեգոյի, Տիկնիկների, Գորգի, Լուսանկաչության և Ջրասուզակների: Վերջինը՝ Սևանում կկառուցվի:
Նախատեսվող փոփոխությունների ցանկում Արմեն Ամիրյանը կարևորում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:
Պատմամշակութային հուշարձանների ոլորտում ևս նոր մոտեցումներ են որդեգրվել։ «2017-ին մենք ընտրել ենք ընդամենը յոթ հուշարձան, որոնք ամբողջությամբ կվերականգնվեն մինչև տարեվերջ և կհանձնվեն համայնքին: Վստահ եղեք, որ համայնքում լավագույնս պահպանվում է հենց ամբողջությամբ վերականգնված հուշարձանը, որը նաև շահույթ է բերում համայնքին»:
Կինոյի ոլորտում նախարարությունը փորձում է որդեգրել կառավարման նոր ձևաչափ ՝ օգտագործելով դաշտի բոլոր կարող ուժերը: «Կձևավորվի Տնօրենների խորհուրդ, որը ռոտացիոն կարգով կղեկավարի կինոարտադրության ընկերությունը: Հայկական կինարտադրությանը զուգահեռ նախատեսում ենք ներգրավել նաև արտասահմանյան կինոընկերություններին: Այս հարաբերությունները կարգավորելուն, կարծում եմ, մեծապես կօգնի «Կինոյի մասին» օրենքը, որն արդեն ԱԺ-ում է»,-ասաց նախախարը:
Թատերային արվեստի ոլորտում, ըստ նրա , 2016-ին ունեցանք երկու հրաշալի ներկայացումներ՝ «Տոսկան» օպերային թատրոնում և «Պեպոն»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Այս ներկայացումներն արտահայտում են մեր ցանկություններն ու պատկերացումները թատերական և օպերային արվեստի մասով: 2017-ին մենք կներկայացնենք դասականներից մինչև ինտերակտիվ ներկայացումներ»,- ասաց Արմեն Ամիրյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿԻ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի ազատման հրամանի հարցը ևս մտահոգում էր լրագրողներին: Հիշեցնենք, օրեր առաջ մշակույթի նախարարը հայտարարեց, որ ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի արդյունքում բացահայտված չարաշահումների պատճառով Վլադիմիր Պողոսյանն առաջիկայում կազատվի աշխատանքից։
«Արդյո՞ք Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի առաջիկա պաշտոնանկությունը ևս պայմանավորված է չարաշահումներով». լրագրողի հարցին ի պատասխան նախարարն արձագանքեց՝ ոչ: Պատճառը միայն ոլորտում նոր մոտեցումների որդեգրումն է: Առանց փակագծեր բացելու նախարար Ամիրյանն ասաց, որ լուծված է համարում Երևանի մնջախաղի և Համազգային թատրոնների տարածքների խնդիրը: Վերջինի մասին խոսելիս ընդգծեց՝ որևէ մեկի հաշվին մյուսի խնդիրը չի լուծվի:
Նախարարը խոսեց իրականացված ու նախատեսվող կադրային փոփոխությունների, Արամյանցի դղյակի ու կարևորագույն ձեռքբերումների մասին, որոնց ցանկում արդեն իրականություն դարձած Համահայկական նվագախումբն է: Կարևորագույնների ցանկում է 2017-ին իրականացվելիք թատերահամերգային կոլեկտիվների մասնակցությամբ մշակութային միջոցառումների մարզային մեծածավալ ծրագիրը։ «Երևանը կարծես մշակութային ագրեսիայի է ենթարկվում: Շատ կարևոր է, որպեսզի մարզը կարողանա հավասարապես քայլել մայրաքաղաքի հետ»։
Ժողարվեստի թանգարանում կազմակերպված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին մշակույթի նախարարն այսօր ներկայացել էր 10-ամյա քանոնահարուհի Մերի Մուսինյանի հետ, ով ռուսական հայտնի մանկական հեռուստահաղորդման ժամանակ օրերս հրաշալի կերպով ներկայացրեց հայկական քանոնը՝ արժանանալով լավագույնի տիտղոսին:
Հայկական քանոնն արժանավայել ներկայացնելու համար Մերին նվեր ստացավ նաև Արմեն Ամիրյանից ՝ տիկնիկ ու հայկական Արմթաբ: Իսկ նրա փայլուն կատարումն արդեն կենդանի այսօր մեկ անգամ ևս վայելեցին նախարարն ու հայկական լրատվադաշտի ներկայացուցիչները: