Ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնված նշանավոր դեմքեր, դեպքեր, իրադարձություններ. հանրապետության նախագահի պաշտոնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանն այս ամենը փորձել է ամփոփել Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում, որը կրում է «Պատմություններ ճանապարհից» խորագիրը:
«Եթե կարծում եք, որ նախագահ նկարելը հեշտ է՝ սխալվում եք: Նախագահը երբեք քեզ հարմար դիրք չի ընդունում»,- պաշտոնական լուսանկարչության գաղտնիքների ու դժվարությունների մասին վաստակաշատ լուսանկարիչ Մարտին Շահբազյանը գիտի ամեն ինչ։ Հեշտ է ասել, ձյաձ Մարտինը, ինչպես նախագահականում են նրան դիմում, նկարել է երրորդ հանրապետության բոլոր նախագահներին: Երիտասարդ գործընկեր Դավիթ Հակոբյանն այսօր նրան հիացնում է. «Տղան աչք ունի, ճաշակ, արհեստավարժ է: Այս ամենին գումարած նաև համարձակություն ունի»,- ասում է։ Դավիթի տարիքում նա չէր համարձակվի ներկայանալ սեփական աշխատանքների ցուցահանդեսով։
Երիտասարդ գործընկերն այսօր Նկարիչների միությունում շուրջ 40 լուսանկար է ներկայացնում։Անհատական ցուցահանդես ունենալու երազանքը հոգու խորքում պահպանում է յուրաքանչյուր լուսանկարիչ: «Պատմություններ ճանապարհից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսով Դավիթ Հակոբյանն այսօր իրականություն դարձրեց երկար տարիներ հոգում խմորող ցանկությունը: Նրա երկար ճանապարհների պատմության հերոսները հիմնականում պետությունների առաջին դեմքերն են, աշխարհիկ ու հոգևոր առաջնորդներ, պաշտոնական լրահոսից դուրս մնացած դրվագներ, որոնք այսօր ամենևին էլ ոչ պաշտոնական, թերևս ավելի շատ լուսանկարչի գեղագիտական հայացքով են մատուցվում։
Պաշտոնական լուսանկարչությունը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: «Դավիթին հաջողվել է դուրս գալ այդ սահմանափակումներից»,- քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը ներկայացված աշխատանքներում հենց սա է գնահատում։ Պատմությունն ու ժամանակն ամրագրելու տեսանկյունից, Աշոտյանի բնորոշմամբ, լուսանկարն ունի առանձնահատկություն՝ պահի մեջ կուտակել ամեն ինչ՝ նյարդ, զգացմունքներ, տրամադրություն: «Չափազանց մեծ է պատասխանատվությունը՝ մեկ կադրում ներկայացնել կարևորագույնը՝ առանց տեքստերի ու տեսապատկերի»,-ասում է Արմեն Աշոտյանը:
Ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնված նշանավոր նոր դեմքեր, դեպքեր, իրադարձություններ. Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքը տրամաբանորեն շարունակելի է: