Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։ Ներկայացվում են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ…
Ցուցադրության խորագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի բացառիկ ցուցանմուշներ են ցուցադրվում: Նվագարանների և նվագական երաժշտության պատմությունն ու պատմական զարգացման ընթացքն առավել ամբողջական ներկայացնելու համար հենց ցուցասրահի մուտքի մոտ նշմարվում են հնագիտական իրերը: Քանի որ բազմաթիվ իրեր Հայաստանում չեն, օգտագործվել են նաև գրաֆիկական լուծումներ: Ցուցասրահում, ի դեպ, ինձ ուղեկցում է հենց ժամանակավոր ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրյանը և մանրամասն ներկայացնում բացառիկ նմուշները:
2-րդ գրաֆիկական նմուշը Գեղամա լեռների ժայռապատկերներից մեկն է: Ներկայացված է ծիսական պար և քնարահար երաժիշտ: Իսկ ահա ապակյա ցուցափեղկի մեջ ցուցադրվում են երաժշտական ամենահին գործիքները:
Հնագիտական իրերին հաջորդում է պեղածո երաժշտություն, ապա մատենապատկեր կատարումներ խորագիրը կրող բաժինը: Թվայնացված ցուցադրության միջոցով այստեղ ներկայացվում են 40 նմուշներ, որոնք հիմնականում տրամադրել է Մատենադարանը: Իհարկե նվագարանների մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև վարպետի կերպարին և ցուցադրության հենց մեջտեղի հատվածում՝ թանգարանի զանգակատանը, վարագույրների միջոցով փորձել են ստեղծել նվագարանաստեղծ վարպետի արհեստանոցի մի միջավայր:
Թերևս ամենահետաքրքիրը ցուցադրության 2-րդ հատվածում է ներառված:
Մոտենում ենք ազգային նվագարանների բաժնին, այն կազմված է երեք՝ հարվածային, փողային և լարային հատվածներից:
Բավականին ճոխ են ներկայացվածը նաև փողային գործիքները: Այստեղ կարելի է տեսնել պարկապզուկ, զուռնա, պկու և սրինգ: Դե իսկ ցուցադրված շվիները պատրաստված են եղեգնից և ծիրանենուց:
Ինչպես հարվածային, այնպես էլ փողային և լարային գործիքների կատարումները կարող ենք լսել ականջակալներով:
Ցուցադրության մասն է նաև կրթական սեղանը, որի վրա կարելի է տեսնել բազմաթիվ երաժշտական ժողգործիքներ: Դրանք էլ նախատեսված են այն այցելուների համար, ովքեր դրանք փորձարկելու ցանկություն կհայտնեն:
Նշենք, որ ցուցադրության նպատակն է լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմության, դրանց կենցաղավարման, գործառույթների, մշակութաբանական համապատկերի վրա։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը: