Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Համազգային թատրոնը 26 տարվա ընդմիջումից հետո կունենա իր սեփական տանիքը։ Հիմնադրման օրվանից այն գործում էր Ամիրյան 26-ում է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում:
Կառավարության այսօրվա նիստում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց թատրոնի շենքի կառուցման ներդրումային ծրագրիը:
Սրա մասին երեկ Մայր թատրոնի բեմում հայտնեց նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Որոշումը կյանքի է կոչվել երեք գերատեսչությունների միահամուռ ուժերով:
Այսպիսով՝Համազգայինում իրենց հիմնական խնդիրը լուծված են համարում: Կարևորը սկիզբն է ու ընթացքի մեջ ընկնելը՝ ասում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չալդրանյանը:
Բնականաբար ուրախ եմ՝ ասում է անվանի բեմադրիչը, ցավոք դերասանական կազմը արձակուրդում է, թե չէ իրենց երջանկությունը կարտահայտեին:
Փոխտնօրեն Սիրանուշ Սահակյանի հետ գնացինք ապագա շենքի տարածքը տեսնելու:
Նախատեսվում է, որ թատրոնի շենքը պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին: Սա ապագայում, իսկ այսօր թատրոնը պատրաստվում է աշնանային եթերաշրջանին՝ նոր ու բովանդակալից ներկայացումներով: