Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Ոչ թե աստղադիտարան, այլ դամբարան. «Զորաց քարերում» պեղումների եզրակացությունը

$
0
0


Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Հնագիտական աշխատանքի արդյունքն այսօր ամփոփել են  Ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանն ու գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: 

«Սյունիքի մարզի «Զորաց քարեր» հուշուրձանի տարածքում  օգոստոսին վերսկսված հնագիտական աշխատանքի ընթացքում  պեղվել է այս տարածքում  առկա բազմաթիվ դամբարաններից մեկը: Հնագիտական աշխավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ դամբարանը բազմիցս «արժանացել» է գանձագողերի ուշադրությանը, սակայն տևական թալանից հետո էլ այստեղ հայտնաբերվել են հնագիտական ուշագրավ նյութեր՝ արժեքավոր տեղեկատվությամբ: Գտածոների ամբողջ խումբն, ըստ նրա, թույլ է տալիս եզրակացնելու.«Մենք բացել ենք սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության դամբարան: Ամենայն հավանականությամբ, այստեղ նաև մարդկային ու կենդանական զոհաբերություն է կատարվել: Վաղ երկաթի դարաշրջանում Սյունիքի այս տարածաշրջանը մշակութային սերտ կապեր է ունեցել Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների, Պարսից ծոցի հետ: Դամբարանի տարածքն ավելի ուշ օգտագործվել է որպես թաքստոց: Ամփոփելով կարող ենք ասել, որ ունենք հուշարձան, որը շատ հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում շուրջ 2000-ամյա պատմական ժամանակաշրջանի մասին»:

«Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խեցեգործական իրերի բեկորներ, տարբեր կենդանիների ոսկրեր, մետաղական նյութ, հետաքրքիր ուլունքներ, նաև՝ մարդկային կմախքի մնացորդներ: Հայտնաբերված նյութը փաստում է, որ այստեղ իրականացվել են թաղման արարողություններ՝ առնվազն չորս տարբեր շրջափուլերում (մ.թ. ա. 15-րդ դարից մինչև մ.թ. ա. առաջին դար: «Զորաց քարերում» իրականացված պեղումների արդյունքում Փիլիպոսյանի կարևորագույն եզրահանգումն է` «Զորաց քարեր» հուշարձանը ժամանակին ոչ թե աստղադիտարան, այլ դամբարան է եղել:«Ի դեմս «Զորաց քարերի» մենք գործ ունենք ոչ թե աստղադիտարանի հետ, ինչպես պնդում էր Պարիս Հերունին, այլ դամբարանի: Հերունին ասում էր, որ անցքերով քարերը կամ աստղագիտական գործիքներն այստեղ 7500 տարվա պատմություն ունեն, մինչդեռ տարածքում հայտնաբերված հնագույն նմուշի տարիքը չի գերազանցում 4000-ը»:

Ըստ Փիլիպոսյանի, հսկայական քարերի վրա բացված անցքերը ոչ թե աստղերին հետևելու, այլ դրանք պարաններով տեղափոխելու համար էին նախատեսված: Չնայած և չի բացառում, որ ինչ-որ ժամանակ մեր նախնիներն այդ անցքերից նաև աստղային երկնքով են հիացել: Անցքերի նշանակության մասին խոսելիս գիտնականը խորհուրդ տվեց.

«Այցելեք Ելփին գյուղ կամ Որոտնավանքի միջնադարյան գերեզմանոց: Երկուսում էլ կգտնեք հսկայական տապանաքարեր, որոնց ստորին հատվածում անցքեր կան: Հենց այդ անցքերի միջոցով էլ վարպետը քարերը տեղափոխել է գերեզմանոց»:««Զորաց քարերում» հնագիտական աշխատանքները կշարունակվեն: Այն դամբարա՞ն է, թե աստղադիտարան, ցույց կտա ժամանակը, բայց հնագետների ու կոնկրետ մեզ համար կարևոր են հայտնաբերված փաստերը: Իսկ փաստը հետևյալն է՝ այն ինչ հայտնաբերվել է մինչ օրս, բնորոշ է դամբարանին»,-ասաց Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը:

Փիլիպոսյանի բնորոշմամբ, պետք չէ տրվել առաջին աստղադիտարանով աշխարհին զարմացնելու գայթակղությանը: Ի վերջո, գոյություն ունեն գիտական փաստեր:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles