Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Երվանդ Քոչարի թանագարանը «Ռադիոլուր»-ի աչքերով

$
0
0


«Երվանդ Քոչար արվեստագետի անունը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը, բայց այդ անունը դեռ ճանաչման ու հանրահռչակման խնդիր ունի»,-ասում է Երվանդ  Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Այս հարցում արվեստագետի թոռնուհին ակնկալում է պետության աջակցությունը: «Ռադիոլուր»-ն այսօր որոշել է մեկ անգամ ևս հիանալ Քոչարի թանգարանի հարստությամբ ու ծանոթանալ առկա խնդիրներին, թանգարանի առօրյային:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով, այսօր աշխարհում կարևորվում է թանգարանների բազմակողմանի գրավչությունը, ինչը և հաշվի առնելով փորձում են ներկայանալ ոչ միայն Քոչարի ստեղծագործությունների ու արժեքավոր փաստաթղթերի ցուցադրությամբ, այլև տարբեր միջոցառումներով ու նորամուծություններով: Թանգարանում կարզմակերպվող տարաբնույթ միջոցառումներից զատ կազմակերպվում են   էքսկուրսիաներ դեպի Քոչարի քաղաքային քանդակները:Ի դեպ, քանդակների մասին խոսելիս Կարինե Քոչարն անդրադարձավ Վարպետի՝ Մերգելյան ինստիտուտի բակում տեղադրված «Կիբերնետիկայի մուսան» քանդակին: Վարպետն  այն ստեղծել է 1972 թվականին:

«Քոչարը համարում էր, որ աշխարհի արարումը յոթ օրով չի սահմանափակվել: Այն  շարունակվում է այսօր՝ մեր ձեռքերով, և որքան մարդը մնա մարդասեր, մարդկային, այնքան ուշ կլինեի նրա վերափոխումը դեպի ռոբոտը: «Կիբերնետիկայի մուսան»  քանդակի հիմքում նրա խնդրանքն ու կոչն է ուղղված մարդուն՝ լինել ավելի մարդկային և ծառայել գիտությանը միայն հանուն մարդու և մարդկայինի շահերից ելնելով:Թանգարանի տնօրենի և Քոչարի թոռնուհու մեծ ցանկությունն է, որպեսզի քանդակի բրոնզաձույլ կրկնօրինակը տեղադրվի քաղաքի կենտրոնական, մարդաշատ վայրերից մեկում:  «Բնօրինակի տեղափոխումը խիստ վտանգավոր է, քանի որ այն ստեղծվել  է պղնձից, բացի այդ քանդակը տեղադրվել է գիտական կենտրոնի տարածքում, որն, իհարկե, դժվարությամբ կհրաժարվի իր սիրելի քանդակից»,-ասում է Կարինե Քոչարը:Քոչարի թանգարանի տնօրենի երազանքն է նաև՝ հարակից այգին բարեկարգել ու օգտագործել բաց ցուցադրությունների նպատակով:

«Նախագիծը կա: Այն իրականացնելու դեպքում այգին կզարդարվի Քոչարի քանդակներով»,-ասում է տնօրենը:

Թանգարանի այցելուների թիվը տարեցտարի աճում է, բայց, ըստ Կարինե Քոչարի,  դա այն հոսքը չէ, որը կարող էր ունենալ Քոչարի նման մեծ արվեստագետի անունը կրող թանգարանը: Ժամանակին Մոնեի և Պիկասոյի կողքին ցուցադրված արվեստագետն այսօր աշխարհում ճանաչման ու հանրահռչակման կարիք ունի:«Փոքրիկ թանգարանն անկարող  է միայնակ կրել այդ «բեռն» ու արժանի մակարդակով աշխարհին մատուցել Քոչարի արվեստը: Ժամանակին Քոչարը վերադարձավ մի երկիր, որը փակ էր և  նրա մասին որևէ տեղեկություն այլևս դուրս չէր գալիս, և Քոչարն իրականում անկարող էր պահպանել այն, ինչ արդեն ձեռք էր բերել Փարիզում: Նրա անունն աստիճանաբար դուրս մնաց միջազգային շրջանակներից, բայց ցանկացած արվեստագետ, արվեստաբան, որը ոտք է դնում մեր թանգարան, խենթանում է բացահայտելով  այսպիսի արվեստագետի: Կարծում եմ պետության հետ մեր ջանքերը պետք է համատեղվեն, որպեսզի Քոչարին վերադարձնենք իր արժանի տեղը:  Քոչարի անունը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և մարդիկ կարող են այցելել Հայաստան միայն նրա տարածական նկարները, քանդակներն ու մյուս գործերը տեսնելու համար»:Երվանդ Քոչարի թանգարանում այսօր մենք բացահայտեցինք տնօրենի բնորոշմամբ՝ Վարպետի վերջերս վերաբացահայտված աշխատանքներից մեկը՝ Մովսես Մովսիսյանի թաշկինակի վրա արված դիմանկարը: Քոչարն այն նկարել է բանտում, 1942 թվականին:

«Մովսես Մովսիսյանը Քոչարի հետ նույն բանտախցում է եղել: Նա ձերբակալվել էր միայն այն բանի համար, որ շատ նման էր ֆիդայինի: Քոչարը հավանել է նրան որպես կերպար ու որոշել է նկարել՝ ձեռքի տակ չունենալով ոչինչ: Բանտախցում բոլորը միավորվել ու հնարը գտել են. սկզբում  մանր եզրակարերով սատինե մի թաշկինակ են գտել, հետո բանտախցում գտնվող եզդու  կրկնակոշիկն այրելով ու մուրը շաքարաջրին խառնելով  «ներկ» են  ստացել: Իսկ վրձինը բակում շրջող կատվի մազերից է ստացել: Արդյունքում ծնվել է այս աշխատանքը»:

Վարպետի  թոռնուհին մեզ փոխանցեց նաև պապի  բանտային հուշերից ևս մեկը:

«Մի եզդի կար մեր բանտախցում, որն անընդհատ գունավոր կոճակներ էր գտնում ու կարում  փեշին: Ու ես հասկացա, որ գեղեցիկի հանդեպ հակումը մարդուն ոչ մի վայրկյան  չի լքում, անգամ ծայրահեղ, այլանդակ պայմաններում»,-իր հուշերում գրում է Քոչարը:Իսկ Քոչարի մասին ժամանակակիցների հուշերն առաջիկայում. հրատարկվել է «Մաեստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերին:


Viewing all articles
Browse latest Browse all 1032