Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Թումանյանական հերոսների քանդակների պուրակ՝ Դսեղի թանգարանի հարակից տարածքում

$
0
0

Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թնագարանի բակում ու Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում երեկ թևածում էր տոնական շունչը. Դսեղի տուն-թանգարանի բակում պաշտոնապես բացվեցին թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը, նոր ենթակառուցվածքային շինությունը, որը կառուցվել է ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի ներդրումներով։ Դսեղի հրապարակում բացվեց թումանյակական քարե քանդակների պուրակը։ Լոռու մարզի Օձուն համայնքում էլ գեղանկարիչների «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսի փակման արարողությունն էր: Նշված ծրագրերն իրականացվել են մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

 

 

«Ամեն ինչ սկսվեց  նրանից, երբ Թումանյանի թոռնուհին՝ Իռմա Սաֆրաստբեկյանն ասաց, որ Թումանյանի Դսեղի թանգարանում սանհանգույց չկա, և մենք որոշեցինք կառուցել սանհանգույց»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ սանհանգույց կառուցելու  ցանկությունը «վերածվեց» բացօթյա ցուցասրահ ու նաև հանգստյան տաղավար կառուցելու  ծրագրի: Հետագայում ծնվեց նաև բակն ու հարակից հրապարակը թումյանական հերոսների քանդակներով զարդարելու գաղափարը: Իրականացրած ողջ աշխատանքի արդյունքը ներկայացվեց երեկ՝ Թումանյանի Դսեղի տուն-թանգարանի բակում տեղի ունեցած պաշտոնական բացմանը:

«Ուզում եմ ընդգծել, որ այս ամենն ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են, որպեսզի մենք կարողանանք  2019-ին պատշաճ մակարդակով նշել Թումանյանի 150-ամյա հոբելյանը: Փայտե քանդակները ստեղծվել են հատված ծառերի բների վրա: Ծառերը սնամեջ էին և շատ վտանգավոր էին դարձել: Թեթև քամուց կարող էին շրջվել: Դրանց փոխարեն այսօր նոր ծառեր տնկվեցին: Հաշվի առնելով տարածքի յուրահատկությունը  ընտրվել է  ծառատեսակ, որն ունի ուղղահայաց, ոչ խորունկ արմատներ, որոնք չեն վնասի շենքի հիմքը: Միաժամանակ՝ ծառերը  կստեղծեն  այն  հաճելի միջավայրը, որտեղ  այցելուն կզգա իրեն բնության գրկում»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանին, որի ներդրումների շնորհիվ կառուցվել է թանգարանի ենթակառուցվածքային շինությունը:Աշոտ Տիգրանյանն ասաց, որ կցանկանար ինքը՛ շնորհակալություն հայտնել  օգտակար լինելու ստեղծված հնարավորության համար:

«Սրանով ես ընդամենը դրեցի մի փոքրիկ ցորենի հատիկ հայկական հողի մեջ: Պատրաստ եմ օգտակար լինել նաև հետագայում: Իսկ աշխատանքի արդյունքով  միանգամայն բավարարված եմ»:

«Շատ ուրախ եմ ու ոգևորված, որ Դսեղում նման միջոցառում է անցկացվում: Սա չափազանց կարևոր մի ծրագիր էր: Նման սիմպոզիում Դսեղում վաղուց չէր կազմակերպվել: Ամենակարևորն այն է, որ քանդակները նվիրվում են համայնքին: Թումանյանի տուն-թանգարանում սանհանգույց չունենալն անընդունելի էր: Շնորհիվ մեր բարերարի թանգարանն այսօր ունի ոչ միայն  սանհանգույց, այլև  փոքրիկ ցուցասրահ ու տաղավար, որտեղ հնարավոր է հուշանվերների վաճառք իրականացնել: Սա հրաշալի նվեր էր ոչ միայն Դսեղին, այլև ողջ Լոռու մարզին»,-ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
  

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ  Ռոզա Ղազումյանն ասաց, որ կատարված փոփոխությունները նոր շնչառություն են հաղորդել թանգարանին: Շատերը գալիս են՝ հաշվի չառնելով անգամ վերակառուցվող ճանապարհի դժվարությունները: Այցելուներն ավելի երկար են մնում թանգարանի տարածքում, լուսանկարվում ու հաճելի ժամանակ անցկացնում:

Լոռու մարզի Օձուն համայնքում ևս երեկ տոնական տրամադրություն էր: Օձունում նախարարը մասնակցեց  գեղանկարիչների «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսի փակմանը. Փառատոնի շրջանակում շուրջ տասը երկրի ներկայացուցիչներ, տասը օր ապրել են Օձունում ու տարածաշրջանի գեղարվեստական պատկերն արտացոլել  իրենց կտավներում:

«Այս  փառատոնի շնորհիվ աշնանային մեր գույները հրավիրյալ նկարիչների վրձնահարվածներով  տարածվելու են աշխարհով մեկ: Գնալու և պատմելու են  ոչ միայն մեր հայրենիքի գույների մասին, այլև մեր ժողովրդի մեծ սրտի, մեծ սիրո և մեծ բարեկամության մասին»:

«Համագործակցության և բարեկամության ներկապնակ» փառատոն-ցուցահանդեսը կազմակերպել էր  ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles