Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է: ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացումները ցուցադրվում են մայրաքաղաքի երկու թատերական հարթակներում. նոյեմբերի մեկին Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում էր:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում աճեմյանցիները երեկ ներկայացան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» բեմադրությամբ, նույն բեմում Գյումրու թատրոնի «Սիրո Casting»-ին մայրաքաղաքի հանդիսատեսը կարող է մասնակցել նոյեմբերի 8-ին: Գյումրու թատրոնի երևանյան հյուրախաղերի, Գյումրու թատրոնի ու գյումրեցի հանդիսատեսի առանձնահատկությունների մասին` «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում։
«Ցանկացած ստեղծագործողի համար, հատկապես մարզային, մայրաքաղաքում «քննություն հանձնելը» չափազանց կարևոր է: Մենք ստեղծագործում ենք ոչ միայն Գյումրու կամ Շիրակի մարզի համար, հետևաբար ցանկանում ենք կոտրել պատնեշներն ու ավանդույթ դարձնել նման հյուրախաղերը»,-երևանյան հյուրախաղերը այսպես է գնահատում Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ միաժամանակ կարևորելով այն փաստը, որ վերջին շրջանում Գյումրու թատրոնում ակտիվացել է հոսքը մայրաքաղաքից: Աճեմյանցիներն այսօր անում են հնարավորն ու անհնարը թատերական քաղաքի երբեմնի համբավը վերականգնելու համար:
«Վերջին տարիներին, ցավոք, ավելի հաճախ ասում են՝ գնանք Գյումրի խաշ ու քյալա ուտելու: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ասեն՝ գնանք Գյումրի լավ ներկայացում նայելու, ինչպես նախկինում է եղել»:
Աճեմյանցիներն այս օրերին, կամա թե ակամա, հետևում ու համեմատում են Երևանի ու Գյումրու հանդիսատեսին: Տիգրան Վիրաբյանի բնորոշմամբ, Երևանի հանդիսատեսը հավատացող է, ընդունող է: Այստեղ ներկայացման կեսից գնացողների դժվար է հանդիպել: Մայրաքաղաքում միշտ էլ կգտնվի մարդկանց մի խումբ, որը կմնա մինչև վերջ, կծափահարի, եթե անգամ չի հավանել ներկայացումը: Գյումրիում հակառակ պատկերն է»,-ասում է Վիրաբյանը
«Ներկայացման ընթացքում հանկարծ կարող ես լսել «դըմփ»՝ փակվող աթոռի ամենասարսափելի ձայնը, երբ հիասթափված հանդիաստեսը բարձանում է, որ հեռանա: Եթե գյումրեցին չի հավանում ներկայացումը, երբեք չի մնա, չի նստի ու քեզ հետ չի տանջվի դահլիճում: Նա իր վերաբերմունքն արտահայատում է տեղում»:
Գյումրու հանդիսատեսի «գիտակ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը հավելում է.
«Եթե ներկայացումը հավանում են, միասնաբար կանգնում ծափահարում են: Եթե՝ այնպես ոչինչ, նստած են ծափահարում, եթե չհավանեցին….»:
Գյումրու հանդիսատեսի այս առանձնահատկությունն ու ընդգծված անկեղծությունն օգնում են թատրոնին, թե՞…
Պարզվում է՝ օգնում է: Տիգրան Վիրաբյանն անկեղծանում է.
«Փակվող աթոռի ձայնին սպասող վախն ու սրտի թրթիռն անընդհատ բեմադրիչի ականջներում ու սրտում է: Դա սթափեցնում է: Միաժամանակ, մենք փորձում ենք թատրոն բերել մի բան, որը գուցե և չնտրեր հանդիսատեսը, եթե թողնեինք միայն նրա ընտրությանը: Հակառակ դեպքում թատրոնը կարող է կորցնել իր առաքելությունն ու վերածվել միայն ժամանցի կամ «խնդալու» վայրի». Տիգրան Վիրաբյանի բնորոշումն է:
«Սա թատրոն է բառիս լայն իմաստով: Այստեղ իշխում է թատերայնությունը, այն ինչ անհրաժեշտ է թատրոնին առհասարակ: Կարճ ասած՝ երանելի թատրոն»,-Գյումրու թատրոնի գնահատականն ըստ ՀՀ վաստակավոր արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի: Անդրադառնալով Գյումրու թատրոնի երևանյան հյուրախաղերին, Շահվերդյանն ընդծում է. «Նման հյուրախաղերը անհրաժեշտ են»:
«Նման հյուրախաղերը խիստ անհրաժեշտ են, և անհրաժեշտ են ոչ միայն մարզային թատրոններին, այլև մայրաքաղաքի, որովհետև Աստված գիտե՝ որտեղ ինչ հետաքրքիր բան է ծնվում»:
Գյումրու թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանի բնորոշմամբ՝ Գյումրին ինքը անմիջականություն է, մի մեծ սիրտ, ու ամեն ինչ այստեղ սրտով է ընկալվում, այդ թվում և թատրոնը: Գյումրու թատրոնի անկեղծ ու անմիջական սիրտը՝ «Սիրո քասթինգ» ներկայացմամբ մայրաքաղաքի թատերական սրտում կբաբախի նաև վաղը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: