Պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքում հանրային վերահսկողություն ապահովելու մշակույթի նախարարի խոստան հետքերով, լրագրողների խումբը Արմեն Ամիրյանի ու նախարարության այլ պատասխանատունների ուղեկցությամբ երեկ Լոռու մարզում էր, Սանահինի ու Քոբայրի վանական համալիրների շինհրապարակներում։
Առաջինում 2օ17-ի ծավալով նախատեսված էր 1օ-րդ դարի Ամենափրկիչ եկեղեցու արևելյան հատվածի կենտրոնական ճակտոնի հին ծածկասալերի հեռացում, նորերի տեղադրում։ Ճարտարապետ Հրանտ Հովսեփյանն ասաց, որ նախագծի համաձայն ամեն կերպ փորձել են պահպանել արժեքավոր զարդանախշերով հին ծածկասալերը։
Շինարարական կազմակերպության ներկայացուցիչները վստահեցրին, որ եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում այս տարվա համար նախատեսված ամրակայման և նորոգման աշխատանքները կավարտեն առաջիկա տասը օրերի ընթացքում։
Իսկ թե երբ և ինչպես կլուծիվի Սանահինում ու անձրևոտ Լոռու մարզի այլ հուշարձաններում առկա <<անցանկալի>> բուսածածկույթի խնդիրը, այս պահին, թերևս, դժվար է կռահել։ Նախարար Ամիրյանի գլխավորությամբ Սանահին այցելած խումբն արձանագրեց առատ բուսածածկույթի առկայությունն անգամ վերջին տարիներին վերանորոգված Սանահինի շինությունների գմբեթների ու պատերի ծածկասալերի արանքում։
<<Եթե փոքր-ինչ ջանք թափվի և ժամանակ առ ժամանակ հեռացվեն փոքրիկ բույսերը, դրանք չեն վերածվի հսկայական թփերի՝ վնասելով հուշարձանը>>,-նկատեց նախարարը։ Խնդրին որևէ լուծում փնտրելու ակնկալիքով Արմեն Ամիրյանն անգամ փորձեց փոխհամաձայնության գալ տարածքում զբոսնող տեղացի երիտասարդների հետ։ Պայմանավորվեցին․վերջինները հուշարձանը բուսածածկույթից մաքրող կամավորների խումբ կստեղծեն։ Մաքրման աշխատանքները երիտասարդները խոստացան սկսել գարնանը՝ անհրաժեշտ մանրամասները հստակեցնելով մշակույթի նախարարության հետ։
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի տեղեկացմամբ, հուշարձանների պահպանության մասին օրենքի համաձայն նման խնդիրների լուծումը վերապահված է հուշարձանն օգտագործողին և տեղական ինքնակառավարման մարմիններին։Վերջինների տիրույթում է նաև հուշարձանների պահպանության գոտիներում իրականացվող ապօրինի թաղումների խնդիրը, որին, չնայած հարուցված քրեական գործի առկայությանը, կրկին բախվեցինք նաև Սանահինում։
Քոբայրում 2օ17-ի նախատեսված ծավալով վերականգնվում է վանական համալիրի սեղանատան արևելյան ճակատը։ <<Նոյեմբերի 3օ-ին կավարտենք աշխատանքը՝ իրականացնելով նախատեսված ծավալը>>,-վստահեցրին շինարարները։Փոխնախարար Արև Սամուելյանի տեղեկացմամբ, 2օօ6-ից մինչ օրս Քոբայրի վանական համալիրում իրականացվել է հսկայական աշխատանք, այդ թվում՝ վերականգնվել է Մայրամաշեն եկեղեցու զգալի հատվածը, իտալացի մասնագետների մասնակցությամբ ամրակայվել է հիշյալ եկեղեցուն կից կուռույցի արժեքավոր որմնանկարը, գրեթե ամբողջությամբ վերականգնվել է տապանատան զանգակատունը:
<<Ցավոք, պետք է արձանագրեմ, որ շինաշխատանքներն ավարտելու ժամկետի առումով երկու հուշարձանում էլ ունենք ուշացումներ։ Որակի առումով Քոբայրում կարծես շատ ավելի լավ պատկեր է>>,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը։Իր պաշտոնավարման առաջին, բայց նաև նախորդ տարիների փորձը նախարարին հուշում է, որ շինարարական կազմակերպությունների մրցույթը հաջորդ տարի պետք է ավելի վաղ հայտարարել՝ ուշացումներից խուսափելու, բարենպաստ եղանակային շրջանն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։
Համապատասխան կառույցների ներկայացուցիչներին անհրաժեշտ հանձնարարականները տրվել են երեք օր առաջ։ Հանձնարարականները վերաբերել են ոչ միայն ժամկետներին, մրցույթի թափանցիկությանը, այլեւ լուրջ վերահսկողությանը հուշարձանների վերականգնման աշխատանքի ողջ ընթացքում։
<<Այն ինչ տեսանք այս տարի, բավարար համարել չեմ կարող։ 2օ18-ին պարտավոր ենք ավելի լավ ցուցանիշներ արձանագրել>>,-ամփոփեց նախարարը՝ միաժամանակ նկատելով, որ տարվա ամբողջական պատկերն ունենալու համար հաջորդ շաբաթ դեռ Գոշավանք պիտի այցելեն, իհարկե, լրագրողների հետ միասին։