Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Այսօր մեծն Կոմիտասի ծննդյան օրն է

$
0
0

alisagevorgyan
«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա գեղեցկությունն առինքնում է ինձ տիրաբար և անսանձ։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից։ Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական։ Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը»,-Արամ Խաչատրյան։ Այսօր մեծն Կոմիտասի ծննդյան օրն է` 147-րդ տարեդարձը:

 

 

Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը։ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա մաքրեց հայ երաժշտությունն օտարամուտ տարրերից և ապացուցեց ողջ աշխարհին, որ հայն ունի  ինքնուրույն երաժշտություն։ Լինելով հայ երաժշտության մեծ գիտակ՝ Կոմիտասը ստեղծեց  հայ ազգային միաձայն մտածողության և եվրոպական բազմաձայնության ինքնատիպ սինթեզ։ Կոմիատասը զբաղվեց նաև խազերի ուսումնասիրությամբ ու ստեղծեց Պատարագ։

«Կոմիտասը մեզ տարավ դեպի միջնադար: Չլիներ Կոմիտասը հայ ժողովուրդն անհաղորդ կմնար միջնադարյան գոհարներին»,-ասում է կոմպոզիտոր Արզաս Ոսկնայանը:

Ողջ պատմական Հայաստանի հազարամյակների խորհուրդը կրող երաժշտությունը նախ և առաջ նշանակում է Կոմիտաս: «Կոմիտասը մեզ է փոխանցել հայ ժողովրդի ներքին աշխարհի ամենասուրբ, վեհ, առողջ ու հզոր բանականության  կնիքը կրող շարժումները։ Կոմիտասյան  պարզ ու խորը երգերի մեջ են թաքնված  մեր ժողովրդի հոգու  ամենաբարդ ծալքերը»,-կոմիասագետ Արթուր Շահնազարյանի խոսքերն են: «Կոմիտասը  տվեց մեզ մեր ինքնաճանաչողության բանալին: Եկավ ասելու, որ մենք մենք ենք », -մաեստրո Տիգրան Մանսուրյանի ձևակերպումն է:


Viewing all articles
Browse latest Browse all 1032