Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը այսօր «Օրը անձրևոտ» ներկայացմամբ հանդես կգա Երևանում:
Թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Կայանալիք ներկայացման և այլ հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպմանը խոսել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
«Ուզում եմ միանագամից վերջ դնել բոլոր այն խոսակցություններին, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը չի գործում»,- ասում է Բայանդուրյաննը ու հավելում՝ ոչ թե թատրոնը չի գործում, այլ թատրոնի շենքը.
«Յոթ տարվա ընթացքում՝ ամեն տարի չորսից հինգ ներկայացում է պատրաստվել, իսկ վերջերս էլ թատրոնը մասնակցում էր Հունաստանի Կատերինե քաղաքում տեղի ունեցած միջազգային փառատոնին, որտեղից դատարկաձեռն չի վերադարձել»:
Ներկայում թատրոնը գործում է Գրիբոյեդովի թատրոնի շենքում: «Իհարկե դերասանի համար դժվար է, երբ իր շենքում չէ, կարծես ուրիշի տանը լինի, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում»,- ասում է գեղարվեստական ղեկավարը։ Այսօր թատրոնի խաղացանկում 35 ներկայացում կա, ընդգրկված են թե հայ, թե վրաց դասականների գործեր: Չեն անտեսվում նաև ժամանակակիցները:
Թբիլիսիի հայկական թատրոնի տեղում նորը կկառուցվի
Արմեն Բայանդուրյանը լրագրողներին ներկայացրեց նաև նոր կառուցվող թատրոնի մակետը։ Իսկ թատրոնը հիմքից քանդելու եւ նորն է կառուցվելու, քանի որ այդպես որոշել է մասնաագետների խումբը։ Վերանորոգումից հետո թատրոնը կկորցներ սեյսմակայունությունը։
Թատրոնի արդեն նախկին շենքը շահագործման է հանձնվել 1936-ին: Արմեն Բայանդուրյանն ասում է, որ մինչև դեկտեմբերի 28-ը նոր շենքի կմախքը պատրաստ կլինի, ներքին հարդարաման աշխատանքները կավարտվեն մոտ մոտ երկու տարում:
Բայանդուրյանը տեղեկացրեց նաև,որ Հայաստանը թատրոնին տարեկան 15 մլն դրամ է հատկացնում, իսկ արդեն վերանորոգումից հետո Վրասատանի կառավարությունը խոստացել է ֆինանսավորումն ավելացնել։ Ի դեպ, թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումները թարգմանվում են վրացերեն։ Վրացի հանդիսատեսը կարող է ականջակալներով հետևել ներկայացմանը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ նաեւ թանգարան, որտեղ կներկայացվի 162 տարեկան թատրոնի պատմությունը։