«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կներկայացնի Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը:
«Սա պարզապես համերգ չէ, այլ մեծ պատասխանատվություն, հուզմունք: Համերգից առաջ միշտ էլ հուզվում եմ, բայց այսպիսի հարուստ մշակույթ ունեցող հանդիսատեսի առջև այդ հուզմունքն ու պատասխանատվությունը շատ ավելի մեծ են»,-համերգին նախորդած ասուլիսում խոստովանել Թամարա Գվերդցիթելին:
««Հանդիպումը Մաեստրոյի հետ նախապատմություն ուներ: Երջանիկ դիպվածով նրա ձեռքում էր հայտնվել իմ երգերի ձայնագրությունը: Լսել էր, հավանել ու որոշել հրավիրել ինձ Փարիզ: Շնորհակալ եմ ճակատագրին այդ հանդիպման համար, և երջանիկ եմ, որ բնության մեջ կան այնպիսի երևույթներ, ինչպիսին Լեգրանն է»:
Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելին ճակատագրի պարգև է համարում ինպես Միշել Լեգրանի, այնպես էլ Առնո Բաբաջանյանի հետ հանդիպումը: Բաբաջանյանի հետ առաջին հանդիպումը 1989 թվականին էր, Էստոնիայի մայրաքաղաքում կայացած փառատոնի ժամանակ:
«Համերգին նախորդած փորձին ես պատահաբար լսեցի, թե նա ինչպես էր նվագում «Նոկտյուրնը»: 18-ամյա աղջկա համար դա վերերկրային մի բան էր: Հենց այդ պահին հասկացա, թե ինչ է նշանակում է հանճարեղ արտիստ ասվածը: Մեր ծանոթությունից մեկ ամիս անց նա ինձ համար գրեց «Ների՛ր ինձ» երգը: Առնո Բաբաջանյանը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկն է»:
Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգում այսօր կհնչեն ոչ միայն հայ, այլև ռուս, վրացի, ֆրանսիացի կոմպոզիտորների, ինչպես նաև երգչուհու հեղինակային երգերը: Հենց դրանցով էլ Գվերդցիթելին իրեն երջանիկ է համարում:
«Ես դարձել եմ երգչուհի ու երբեք չեմ բաժանվել երաժշտությունից: Իմ օրը սկսվում ու ավարտվում է երգով, և կարծում եմ, որ իմ երգերը հաճույք են պատճառում մարդկանց ու թեթևություն բերում նրանց»:
Թամարա Գվերդցիթելին երգում է աշխարհի տասը լեզուներով: «Եթե առիթ լիներ, որ՛ լեզվով կնախընտրեիք սեր խոստովանել երաժշտությանը, հարցին նրա պատասխանն էր՝ իհարկե, մայրենի, դա չի քննարկվում, սակայն Բաբաջանյանի երգով արված այս խոստովանությունը ևս կարծում եմ փառահեղ է: