Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Կայացել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի է ունեցել  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար նախագահ Սարգսյանը կինոռեժիսորին պարգևատրել է Պատվո շքանշանով:

«Սիրելի՛ Մաեստրո, տաղանդների երկունքը դժվարին է, ու նաև հեշտ չի լինում անցած ճանապարհը, բայց տաղանդները նաև նրանով են տաղանդավոր, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները, կարողանում են հաղթահարել կատաղի դիմադրությունը՝ շատ հաճախ արվեստագետ և կարծես թե` հարազատ մարդկանց դիմադրությունը: Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին»,-շնորհավորական խոսքում ասել է հանրապետության նախագահը:

 

-Ուզում եք խոսեմ, չեմ խոսելու

Փելեշյանին համոզելն անիմաստ է: Այդ մասին լրագրողները վաղուց գիտեն: Գիտեն ու հարգում են Վարպետի լռելու իրավունքը, որովհետև նրա լռությունն էլ մի մեծ կինո է: Իր հոբելյանին ներկայացած՝ լուռ ֆիլմերի հսկային հանգիստ ենք թողնում ու զրուցում նրա  հյուրերի հետ:

«Դուք երջանիկ մարդ եք, կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաև նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգևել եք հպարտության բազմաթիվ պահեր»,- 80-ամյա Մաեստորյին ուղղված  շնորհավորական խոսքում ասաց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,-շնորհավորական խոսքում ասաց Հանրապետության նախագահը՝ կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրելով Պատվո շքանշանով:

Լռության ուխտը Փելեշյանը խախտեց բեմում. Շնորհակալության խոսքեր ՝ ուղղված հոբելյանական միջոցառման կազմակերպիչներին, ներկաներին ու նաև հանրապետության նախագահին

«Մեծարգո՛ նախագահ, մենք գիտենք, որ մեր երկիրը երկար ժամանակ պատերազմական վիճակում է: Այդ պայմաններում Դուք ժամանակ եք գտնում կանգնելու արվեստագետների թիկունքին և օգնելու նրանց, որոնց թվում նաև ես եմ: Խորին շնորհակալություն Ձեզ այդ ամենի համար: Ինչ լավ է, որ Դուք կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»:

Արտավազդ Փելեշյանին ուղղած շնորհավորական խոսքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հիշեց ժամանակին շրջանառվող հայտնի խոսքը, թե  հայերը առատաձեռն ժողովուրդ են. Ամերիկյան կինեմատոգրաֆին տվել են Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինեմատոգրաֆին ՝Անրի Վերնոյ, իսկ խորհրդային կինեմատոգրաֆին՝ Արտավազդ Փելեշյան.

«Միաժամանակ պետք է խոստովանենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն է, թերևս, դժվար է գտնել: Սիրելի՛ Վարպետ, շնորհավորելով ձեր տարեդարձը, ուզում եմ ասել, որ դու՛ք՝ Արտավազդ Փելեշյանը, մեր իրականության մեջ ընկալվում է «Մենք» ֆիլմի նման. այստեղ բացակայում է միջին պլանը: Դուք կա՛մ մեր սրտերում և հոգիներում եք՝ խոշոր պլանով, կա՛մ մեզ հետ եք ընդահուր պլանի մեջ՝ մեր ժողովրդի հետ: Մեր սրտի, հոգու շնորհավորանքը և խոնարհումը ձեզ»:

Հայ կինոյում Փելեշյանի վերջին ֆիլմը կոչվում է «Վերջ»։ Այն ստեղծվեց 1993 թվականին։ Դրանից հետո լռություն է։ Վարպետը կարծեք փորձում է խախտել լռությունը: Երվանդ Քոչարին նվիրված նրա ֆիլմի մասին խոսակցություններն ավելի ու ավելի առարկայական են դառնում:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles