Մարտի 31-ին, ժամը 14:00-ին Ժողովրդական արվեստի կենտրոնը ( Երևան, Աբովյան 64) հրավիրում է Զատկի տոնին նվիրված տոնածիսական ուրախ հանդիպման:
«Կտոր մը երկինք» և «Վարք Հայոց» խմբերը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ինտերակտիվ համերգի միջոցով կներկայացնեն ավանդական ծիսական խաղերգեր, պարեր, ավանդապատումներ: Միջոցառման ընթացքում հանդիսականներին կբաժանվեն երգերի բառերը, ցանկացողները կձայնակցեն, ինչպես նաև կմիանան պարերին:
Ինչո՞ւ «թաքնված թանգարան». այս տարի լրանում է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանի 40-ամյակը, մինչդեռ շատերը դեռ չգիտեն թանգարանի գտնվելու վայրը: Հոբելյանական այս տարում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուղղված կլինեն Թանգարանի հանրահռչակմանը:
«Կտոր մը երկինքը» երկու քույրերի` Արև և Աստղ Մախսուդյանների խումբն է։ Խմբի երգացանկում հին ու մոռացված ժողովրդական երգերի մշակումներ են և տարբեր հեղինակ կատարողների ստեղծագործություններ։ Նրանց համերգները սովորաբար ավարտվում են ազգագրական պարերով. ժողովրդական երգերին իրենց պարով միանում են հավատարիմ երկրպագու-ընկերները:
«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2012թ: Խմբի հիմնական նպատակն է ազգային երգ ու պարի տարածումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այդ նպատակն իրականացվում է համերգներ, միջոցառումներ, ինչպես նաև բաց դասեր կազմակերպելու միջոցով:
2017թ. խումբը մասնակցել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված ”Kyparissia sunshine” 13-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին։