2018-ի մայիսին կմեկնարկի Մնջախաղի թատրոնի նոր տարածքի շինարարական աշխատանքը, որը նախատեսում են ավարտել ուղիղ մեկ տարի անց:
Պատասխանատուներն այսօր ներկայացրել են թատրոնի շենքի նախագիծը, որտեղ համադրված են դասական ճարտարապետությունն ու տեխնոլոգիական նորագույն լուծումները:
«2018-ի մայիսին կմեկնարկի Մնջախաղի թատրոնի նոր տարածքի շինարարական աշխատանքը, որը նախատեսում են ավարտել ուղիղ մեկ տարի անց»,- Մնջախաղի թատրոնի նոր տարածքի նախագծի ներկայացման առիթով Մոսկովյան պուրակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«2019-ի մայիսին մենք կազդարարենք թատրոնի բացումը նոր տարածքում: Նախագծային արժեքը շուրջ 260 միլիոն է: Այս տարվա աշխատանքի ծավալը կկազմի շուրջ 60 միլիոն: Հաջորդ տարվա բյուջեով կլուծենք Թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի ձեռքբերման խնդիրները: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում կհայտարարվի շինարարական կազմակերպության մրցույթը»:
Հրաչիկ Պողոսյան, Սաշուր Քալաշյան, Մկրտիչ Մինասյան, Նարեկ Սարգսյան… ճարտարապետության ոլորտում հայտնի անուններ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի Մնջախաղի պետական թատրոնի նոր տարածքի նախագծման աշխատանքում: Նախագիծ, որտեղ համադրել են դասական ճարտարապետությունն ու տեխնոլոգիական նորագույն լուծումները:
Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյան. «Թատրոնի մուտքը կընդգծի մեծամաշտաբ լեդ էկրանը, որը կլուծի նաև արտաքին գովազդի խնդիրը: Տեղաշարժի խնդիր ունեցող քաղաքացիների համար կգործի ժամանակակից վերելակ: Կարծում եմ, որ երևանյան ճարտարապետությունը նաև այս ուղղությամբ պետք զարգանա՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները»:
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը վստահեցրեց՝ անելու են ամեն ինչ, որպեսզի բացումը հասցնենք մինչև 2019-ի մայիսի 18-ը, որովհետև այդ օրը Մնջախաղի պետական թատրոնը տոնելու է հիմնադրման 45-ամյակը: Թատրոնի նորամուտը կազդարարեն «Պիերոյի երազը» ներկայացմամբ: Դադասյանը կատակով նկատեց. «Իմ ուղեղում այն արդեն բեմադրված է», ապա հավելեց.
«Թատրոնին առնչվող ցանկացած առիթ՝ տվյալ դեպքում նախագծի ներկայացումը, ինձ մեծ բավականություն է պատճառում: Մի քանի օր անց կլրանա իմ պաշտոնավարման 20-րդ տարին, և սա, կարծեք, հաշվետվության նման մի բան է. 20 տարիների ընթացքում մենք եկանք, հասանք այս կետին, իհարկե, շնորհիվ հանրապետության նախագահի և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի անմիջական միջամտության»:
Որոշակի յուրահատկություններով օժտված Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը մասնակցում է ողջ գործընթացին՝ ներքին կառուցվածք, հարդարանք և այլն: Շենքի երրորդ հարկում «հայտնված» Մնջախաղի թատրոնը հասցրել է լուծել խնդիրները նաև առաջին և երկրորդ հարկերի մասնավոր սեփականատեր հանդիսացող «հարևանների» հետ:
Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ Մնջախաղի թատրոնը շահագործման հանձնելուց հետո մասնավորը ևս ուշադրություն կդարձնի իր տարածքին: Նախարարը չբացառեց, որ այդ տարածքը ևս հետագայում կծառայի մշակույթին, կամ գոնե համահունչ կլինի Թատրոնին, որը, նրա համոզմամբ, նպաստելու է ողջ տարածքի «վերակենդանացմանը»: