Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի (1926 թ.) հոբելյանական ցուցադրությունը: Այն կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան:
Այդ օրը «Զարե»-ն կդառնա ուղիղ 90 տարեկան, քանզի 1926 թվականին հենց նոյեմբերի 9-ին է եղել ֆիլմի պրեմիերան: Բոլորովին վերջերս «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով արվել է «Զարեի» բարձրորակ թվայնացում: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ կներկայացվի հանդիսատեսի ուշադրությանը: Մուտքն անվճար է:
Ֆիլմը նկարահանվել է Լազոյի համանուն վիպակի հիման վրա: Այն նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում: «Զարե»-ը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։
Ֆիլմում նկարահանվել էին՝ Մարիա Թադևոսյան (Թենազի)՝ Զարե, Հրաչյա Ներսիսյան՝ Սայդո, Ավետ Ավետիսյան՝ Սլո, Օլգա Գուլազյան՝ Լյաթիֆ խանում, Միքայել Մանվելյան՝ Մստո, Նինա Մանուչարյան՝ Նանո և ուրիշներ:
««Զարե» ֆիլմը ստեղծելիս մենք աշխատում էինք հսկայական լարվածությամբ, և ես մտածում էի, որ այլևս հանձն չեմ առնի այդքան կարճ ժամկետում լիամետրաժ ֆիլմ նկարահանել»,- Համո Բեկնազարյան, հատված «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքից (www.kinoversus.com):
Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդերի մասին առաջին ֆիլմն է, որից հետո քրդերի մասին կինոն լռել է մինչև 1991 թվականը:
«Նախ արձանագրենք, որ այս պահին կանգնած ենք մի բեմում, որտեղ խաղացել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Էդգար Էլբակյանը: Արժևորելով այս փաստը, պետք է նշեմ, որ ակնկալիքներն էլ Մայր թատրոնից, բնականաբար, ավելին են: Դեկտեմբերին այս բեմում կկայանա «Պեպո» բեմադրության առաջնախաղը, և ես համոզված եմ, որ կունենանք այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին ունեցանք օպերային թատրոնում: Նկատի ունեմ «Տոսկան»,- Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ ճապազրույցում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Ստեփան Դավթյանի և լրագրողների մեծ խմբի հետ նախարարն այսօր շրջայց է կատարել վերանորոգված թատրոնում, ծանոթացել վերազինված բեմական մեխանիզմներին ու լուսավորության, ձայնային նոր համակարգերին:
23 տարի մարման ժամկետով շուրջ 7 մլն եվրո արժողությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո» կոնսորցիումի միջեւ կնքված վարկային պայմանագրի շնորհիվ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2015-ի հոկտեմբերին մեկնարկեցին վերանորոգման ու վերազինման աշխատանքներ: Շուրջ մեկ տարի տևած աշխատանքի արդյունքը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, փոխնախարար Արթուր Պողոսյանին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնում է թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:
«Սա 21-րդ դարի շունչն է»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ հավելելով՝ «Ես միշտ ասել եմ, ու շարունակում եմ պնդել, որ ստեղծագործական աշխատանքի որակը կախված չէ տեխնիկայից, այն կախված է ստեղծագործողից, բայց տեխնիկան կնպաստի ընդհանուր մթնոլորտի աշխուժացմանը: Գաղտնիք չէ, որ թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, իսկ մթնոլորտը թատրոնի, ներկայացման սիրտն է»:
Մայր թատրոնի նոր եթերաշրջանը կմեկնարկի դեկտեմբերին՝ «Պեպո» բեմադրության առաջնախաղով: «Ես համոզված եմ, որ կունենանք այնպիսի մեծ հաջողություն, ինչպիսին ունեցանք վերջերս օպերային թատրոնում՝ «Տոսկայի» բեմադրությամբ»,- լրագրողների հետ ճապազրույցում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ում խոսքով ակնկալիքները Մայր թատրոնից մեծ են: Ստեղծագործական մասով թատրոնի աշխատանքներին նախարարությունը, բնականաբար, չի միջամտի, բայց համագործակցության միջոցով կփորձի ձևավորել նոր քաղաքականություն:
Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը շեշտեց, որ վերանորոգման ընթացքում կոլեկտիվն անգործ չի մնացել: Ներկայացումներով հանդես են եկել Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Քաջարանում, իսկ սեպտեմբերին մասնակցել են Թբիլիսիում անցկացվող թատերական փառատոնին: Ինչ վերաբերում է տոմսերի արժեքին, ապա վերանորոգումից հետո թանկացում չի նախատեսվում:
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահն իրականացնելու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառք: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ դրա մասին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 14-ին մենք կառաջարկենք երեկոյան սեանսի տոմսեր նոյեմբերի 17-ից 20-ի համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Ցուցահանդեսի վերջին օրերին թանգարանի աշխատանքային ժամերը կերկարացվեն. այն բաց կլինի մինչև 22:30-ը: Այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 20-ը:
Հիշեցնենք՝ Այվազովսկու ցուցահանդեսը բացվել է հուլիսի 29-ին: Աղբյուրը հայտնում է, որ ցուցահանդեսն արդեն ունեցել է մոտ կես միլիոն այցելու: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ՝ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից:
«Մանկական Եվրատեսիլ-2016» միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Տեսահոլովակը յութուբյան պաշտոնական ալիքում շուրջ 130.000 դիտում ունի: Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր: 14-րդ Մանկական եվրատեսիլը կկայանա նոյեմբերի20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում:
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով: Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կկատարեն «Տարբեր» երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու նրանց «պայքարը» դրա շուրջ: Ներկայացնելով աղջիներին՝ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ Եվրատեսիլյան բեմում սպասվում է պարային կատարում և հեքիաթային շոու:
13 -ամյա Անահիտ Ադամյանը թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից: Մինչ եվրատեսիլը մասնակցել է այլ մրցույթների ևս:
Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից: Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: Ինչպես Անահիտի, այնպես էլ Մերիի համար հաղթանակից շատ ավելի կարևոր է իրենց մասնակցությունն ու Հայաստանը ներկայացնելը:
Ի դեպ՝ մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են կատարվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15- ի փոխարեն: Այս տարի հանվել է նաև հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. Եվրատեսիլյան երկրպագուներ հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մանկական եվրատեսիլն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ: Մրցույթին կմասնակցի 17 երկիր: Հայաստանը «Մանկական եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին ու ապահովվել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուներին որակյալ սպասարկելու և գիտական ու կրթական ծրագրեր իրականացնելու համար: Կատարված աշխատանքի արդյունքն այսօր գնահատել են երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Նշենք, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում բացվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է 1932 թվականին կառուցված երկհարկանի առանձնատնից և այդ տանը կից 1967-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Մարտիրոս Սարյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
<<Հեքիաթն այսօր, իսկապես, դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք և թվում էին անիրական>>, – ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը:
Վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ հասանելի կլինի նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը՝ շեշտում է նա։
Նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Գրադարանային նոր տարածք, որը հետագայում կծառայի որպես գիտական կենտրոն: Վերելակ՝ նախատեսված մասնավորապես տեղաշարժի խնդիր ունեցող այցելուների համար:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ թանգարանի հիմնանորոգման ընթացքում կարևորվել է նաև տնտեսական բաղադրիչը: <<Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ՝ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու դպրոցականների հոսքը դեպի թանգարան>>,- ասում է նախարարը։
Նման հարստություն թանգարանում երբևէ չի ցուցադրվել՝ մաեստոր Տիգրան Մանսուրյանն է վստահեցնում: Մարդ, որը Սարյանների ամենասիրելի հյուրերի թվում էր: Հարստությունն իր ժողովրդին պահ տված Վարպետն այսօր ունի իրեն արժանի թանգարան, որի համար մեծ միջոցներ են ներդրվել:
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից: Նա սովորեցրեց մեզ Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին իր կտավներում էր այն՝ տաք, լուսեղ ու գունավոր: Սարյանի կտավների տաքությունն այսօր աշխարհին է պետք:
Աշխարհահռչակ System of a Down ամերիկյան ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է համերգով հանդես գալ Ատլանտայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին: Կալիֆոռնիայի Նորթրիջ քաղաքում նոյեմբերի 10-ին կայանալիք համերգին անդրադարձել է Los Angeles Times-ը` հայտնելով, որ մեծ ճանաչում ունեցող երաժիշտը նմանօրինակ փորձ ունեցել է: Անցյալ տարի նա Օքլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել Նոր Զելանդիայում:
Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Valley Performing Arts Center համերգասրահում կայանալիք համերգի տոմսերի մի մասի վաճառքից ստացված հասույթը կփոխանցի հայկական «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է միայնակ երեխաներին և տարեցներին:
Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը՝ Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել անցյալ տարի Բեռլինում, որին հաջորդել են համերգները Դրեզդենում և Բրանդենբուրգում: Առաջին իսկ համերգներից պարզ էր արդեն, որ նախագիծը մեծ հաջողություն կունենա: Համերգաշարի հայաստանյան մասնակից, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը վստահեցրել է, որ նախագիծը դեռ երկար ճանապարհ կանցնի: Համերգին ընդառաջ նախագծի ստեղծմանն է անդրադարձել նաև Դրեզդենի սիմֆոնի տնօրեն Մարկուս Ռինդտը և նշել, որ միավորելով հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին և այդ երկրների ստեղծագործությունները՝ նախագծի հեղինակներն այդպիսով փորձել են նաև երկխոսության հիմք դնել Թուրքիայի և Հայաստանի միջև:
Դրեզդեն Սիմֆոնիկերի «Աղետ» ծրագիրը հայ ունկնդրին կներկայացվի նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաև ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին Բեռլինում: Առաջին իսկ համերգից սկսած՝ ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում: Ծրագրում ընդգրկված են Զեյնեփ Գեդիզլիօղլուի, Հելմուտ Օհրինի և մեր հայրենակից Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:
Համերգի տեսագրությունը և Դրեզդեն Սինֆոնիկերի պատրաստած հարցազրույցները հեռարձակվեցին Բեռլինի ռադիոյով: Մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաև առցանց, ինչը հնարավորություն տվեց հանրության է՛լ ավելի մեծ զանգվածի իրազեկելու Հայկական հարցի մասին: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից, Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը: Սկսված արշավը, բնականաբար, զայրացրեց պաշտոնական Անկարային: Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` ներառելով Դրեզդենն ու Բրանդենբուրգը: Անդրադառնալով համերգային ծրագրին՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը նկատեց, որ այն շատ խիզախ նախաձեռնություն է:
Ծրագրի գաղափարն իրականում ծնվել է դեռ 6 տարի առաջ, երբ Դրեզդենի սիմֆոնիկի տնօրեն Մարկուս Ռինդտը հանդիպեց կիթառահար Մարկ Սինանին: Նրանք սկսեցին համագործակցել, երբ Մարկ Սինանը պատմեց իր տատիկի մասին, ով ազգությամբ հայ էր: Տատիկի պատմությունն այնքան է հուզել Մարկուս Ռինդտին, որ նրանք որոշել են այս նախագծի միջոցով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: «Սկզբում մենք որոշեցինք բեմադրել «Մուսա լեռան 40 օրը», սակայն հետո փոխեցինք մեր որոշումը: Ընտրեցինք մեկ այլ ճանապարհ, այն է՝ միավորել հայ, թուրք և գերմանացի երաժիշտներին և այդ երկրների ստեղծագործությունները՝ այդպիսով նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության հիմք դնելով»,- պատմում է Ռինդտը։
Մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը նկատեց, որ այս նախագիծն ըստ էության շարունակում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շարքը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավանդական դարձած «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքն անակնկալներ է պատրաստել երաժշտասերների համար: Երրորդ տարին կազմակերպվող նախագիծը մինչև տարեվերջ կներկայացնի հետաքրքիր համերգային երեկոներ:
«Այս ծրագիրը տարբերվում է սովորական համերգային երեկոներից: Հանդիսատեսը հնարավորություն է ստանում շփվել երաժիշտ-կատարողի հետ: Կատարողները, ովքեր ներկայացնում են ստեղծագործություններ, կարող են նաև պատմել այս կամ այն գործի մասին: «Երաժշտական հինգշաբթի»-ն հնարավորություն է տալիս հանդիսատեսին համերգի ընդմիջման ժամանակ պտտվել թանգարանի ցուցասրահներով, այսինքն` մեկ տոմսով մարդիկ կարող են վայելել երաժշտություն և այցելել թանգարան»,-նշում է տուն-թանգարանիտնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Նոյեմբերի 10-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա «Նաղաշ» համույթը: Կոլեկտիվի անդամներ են Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), ՏաթևիկՄովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Արամ Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ) և Ջոն Հոդյանը(դաշնամուր): «Նաղաշ»-ի կատարմամբ հնչող երգերը ստեղծվել են միջնադարյան հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա (XVդար):
Նոյեմբերի 24-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը կլինի դաշնակահար Ռոնե Բոյսեն (Կանադա), ով թանգարանում հանդես գալու մեծ ցանկություն է հայտնել: Նա կներկայացնի հետաքրքիր ծրագիր` բաղկացած Բեթհովենի, Ռավելի գործերից, ինչպես նաև մշակութային օջախի խնդրանքով կկատարի Խաչատրյանի ստեղծագործություններից:
Իսկ դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-րդ հոբելյանը: Կկազմակերպվի «Երկու ընկեր» խորագրով երեկո` նվիրված Ավետիսյանի և երգիչ Հովհաննես Բադալյանի ընկերությանը: Միջոցառմանը կմասնակցեն Պողոս Եղիազարը (վոկալ) և Նունե Մելիք-Վրթանեսյանը (դաշնամուր):
System of a Down (SOAD) ամերիկյան հայտնի ռոք խմբի անդամներն աշխատում են նոր ձայնասկավառակի ստեղծման վրա։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը՝ վկայակոչելով խմբի թմբկահար Ջոն Դոլմայանին։
«Խումբը նոր ձայնասկավառակի վրա աշխատում է վերջին 6 ամիսներին, արդեն պատրասը է 15 երգ։ Կարծում եմ՝ լավ ալբոմ կստացվի»,-ասել է Դոլմայանը բրիտանական Kerrang! ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ խմբի վրա մեծ ճնշում է գործադրվում, քանի որ վերջին 11-12 տարիներին նոր ալբոմ չեն ներկայացրել։
«Մեր հմտություններն ավելի են կատարելագործվել, նոր բաներ են փորձում»,-հավելել է Դոլմայանը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մտավորականների բաց նամակին, որտեղ նրանք ահազանգել էին բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի մասին:
«Առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության «նորահայտ պատմության ու մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Առանձնատունն, իրականում, կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից: Կարծում եմ, այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,-ասել է վարչապետն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վարչապետը հանձնարարել է երկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարութունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդության տոնին նվիրված ծրագրերի մեկնարկը տրվեց Գյումրու «Սև Ամրոց» մշակութային համալիրում: Երիտասարդական տոնական միջոցառումների մեկնարկը տվեց գյումրեցի երիտասարդ երաժիշտներից կազմված Արատտա բենդը, այնուհետև Ռեինկառնացիան երիտասարդներին ոգևորեց իր լավագույն կատարումներով: Տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ծրագիրը համալրելով նաև սպորտային ու մշակութային այլ միջոցառումներով:
«Դաշտն ամայի չէ, իսկապես, շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Նրանց պարզապես պետք է ասել՝ սիրում ենք ձեզ, ու դուք մեզ պետք եք». «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը խոսել է անկախ ստեղծագործողների խնդիրների մասին, մարդիկ, որոնք կարող են նոր գույն ու բովանդակություն բերել մեր մշակութային իրականությանը, սակայն Հայաստանում նրանք անտեսված են:
«Անտեսանելի ձեռքի ջանքերով մեզանում տարիների ընթացքում ստացվել է այնպես, որ անկախ ստեղծագործողները, այսինքն՝ ովքեր որևէ կոլեկտիվի կամ պրոդյուսերի հովանու ներքո չեն, ստիպված մնում են սիրողական մակարդակում: Երգն ու երաժշտությունը նրանց համար դառնում է երկրորդ աշխատանքի նման մի բան, քանի որ ապրելու համար անհրաժեշտ է ունենալ այլ մասնագիտություն: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այսօր երաժշտությամբ զբաղվում են որպես հոբբի»,-հեղինակ-կատարող, կամ, ինչպես ինքն է նշում, անկախ ստեղծագործող Լիլիթ Բլեյանը նաև հավելում է. «Անկախ պրոդյուսերական դպրոցը Հայաստանում այդպես էլ չկայացավ, ուստի պետությունն է շարունակում մնալ այն ուժը, որը տիրապետում է դաշտը կանոնակարգելու ինչ-ինչ գործիքների.«Իմ մեծ ցանկությունն է հասկանալ՝ դրվել է այդպիսի խնդիր»:
«Ինձ հետաքրքում էր՝ հայկական երաժշտական բովանդակության առումով այսօր ինչպիսի՞ նախաձեռնություններ ու պատկերացումներ կան, որքանով է կարևորվում անկախ ստեղծագործի ներկայությունը մշակութային տիրույթում»,-ասում է Լիլիթ Բլեյանը՝ նշելով, որ մշակույթի նախարարի հետ օրերս կայացած հանդիպմանն ակնկալում էր ստանալ հենց այս հարցերի պատասխանները և ստացավ, թերևս, կարևորագույն հարցի պատասխանը:
«Խնդիր է դրվել՝ բացահայտել մարդկանց, որոնք կարող են նոր գույներ բերել մեր երաժշտական իրականություն: Շատ ուրախ եմ, որ ընդունվում են նոր, հետաքրքիր առաջարկներ»,-ասում է երգչուհին: Առաջարկությունների իր ցանկը կներկայացնի արդեն գրավոր տեսքով:
«Դաշտն ամայի չէ, իսկապես, շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Նրանց պարզապես պետք է ասել՝ սիրում ենք ձեզ, ու դուք մեզ պետք եք»,-ասում է հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը:
Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն։ «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով կարողանում է ﬔր կյանքը տոն դարձնել՝ ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ի դեպ՝ այսօր Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչելու են կոմպոզիտորի արձանին հարող տարածքում, նրա անվան համերգասրահում, իսկ արդեն տարեվերջին էլ բացվելու է Մեծն կոմպոզիտորի թանգարանը:
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երգերը ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի համար դարձան այցեքարտ։ Հատկապես նրա «Ասք փառապանծը» երգչուհին կատարում է գրեթե բոլոր համերգների ժամանակ։
Անվանի կոմպոզիտորը մահկանացուն կնքեց 1983թ նոյեմբերի 11-ի՝ թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգություն։ Ռուս բանաստեղծ Անդրեյ Դեﬔնտևը նրան բնորոշում էր որպես կյանքին սիրահարված մարդ: «Նրա ﬔջ այնքան հումոր կար այնքան մարդկայնություն, որ ինքը՝ երաժշտությունն էր ծնվում այդ բարությունից: Նա ուներ գեղեցիկի բնազդային զգացում»,- մի առիթով ասել է ռուս բանաստեղծը:
Բաբաջանյանն իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, ու դրվում է Բաբաջանյանի երաժշտական կարիերայի սկիզբը։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Սերգեյ Ռախմանինովը։ «Երբ նվագում եմ Ռախմանինովի նախերգանքները, այնպիսի տպավորություն է, թե սեփական երաժշտությունս եմ նվագում: Նա մեծ դեր է խաղացել իմ՝ որպես մարդ եւ դաշնակահար կայանալու գործում»,- մի առիթով խոստովանել է Բաբաջանյանը:
Իսկ ահա Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ երբ վերջին անգամ Բաբաջանյանի հետ զրուցել է՝ կոմպոզիտորը նշել է, որ ցանկանում է Սիմֆոնիկ կտավ ստեղծել։ Բայց այդ կտավը նա չհասցրեց գրել՝ ափսոսանքով շեշտում է Սաթյանն ու հավելում՝ Բաբաջանյանն իր տարեկիցներից թերևս տարբերվում էր նրանով, որ ընկերություն էր անում նաեւ երիտասարդների հետ, ինչն անմիջական ազդեցությունն էր ունենում նրա ստեղծագործությունների վրա: Բաբաջանյանը պարզապես հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով՝ ասում է Կոմպոզիտորների միության նախագահը։
Բաբաջանյանի հուշերում կարդում ենք. «Մի անգամ, երբ մեկնել էի Տոմսկ հերթական համերգի, հանկարծ տեսնում եմ մի խումբ աղջիկների, որոնք քայլում էին ու երգում. «Ուր էլ լինեմ, ինձ հետ ես միշտ իմ Երեւան» երգը։ Ինձ այնքան հաճելի էր։ Ոչ այն պատճառով, որ ես եմ գրել այդ երաժշտությունը, այլ որ Տոմսկում երգում էին Երեւանի մասին»։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ կոմպոզիտորի բոլոր ստեղծագործություններն են իրեն հագեհարազատ, բայց առավել հոգեհարազատ են նրա այն գործերը, որոնք նվիրված են մայրաքաղաք Երևանին: Մշակույթի նախարարը պատմեց, որ պատանեկության տարիներին նրա հետ ﬕ քանի հարցազրույց է անցկացրել: Եվ կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը ﬔր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում՝ ասում է մշակույթի նախարարը:
Ի դեպ՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամ»-ն այսօր կազմակերպել է մի շարք միջոցառումներ: Կոմպոզիտորի արձանին հարող տարածքում անընդհատ հնչում են նրա ստեղծագործությունները: Բաբաջանյանական շունչը լինելու է նաև նրա անվան համերգասրահում. իսկ նոյեմբերի 25 -ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կոմպոզիտորի 95- ամյակին նվիրված համերգ: Արդեն տարեվերջին էլ Բաբաջանյանի արվեստի սիրահարները նրա թանգարանի բացման ականատեսը կլինեն:
Նոյեմբերի 13- ին նշվում է Կուրություն ունեցող մարդկանց միջազգային օր։ Օրվան ընդառաջ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը հրատարակել է Ավ. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունը բրայլյան այբուբենով՝ իր օժանդակությունը բերելով կուրություն ունեցող մարդկանց հասարակությանը ինտեգրելու կարևոր գործին: Իսահակյանի այս գեղեցիկ պատմվածքը բրայլյան այբուբենով լույս է տեսնում առաջին անգամ։
Ավ. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործությունն այսուհետ հասանելի է նաև տեսողության խնդիր ունեցող ընթերցողների համար: Այն բրայլյան այբուբենով լույս է տեսել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Հաշվի առնելով, որ Հայաստանում բրալյան գրքերը չափազանց քիչ են, տուն-թանգարանի տնօրինությունն իր հերթին ցանկացավ ներդրումն ունենալ բրայլյան գրադարանի համալրման գործում՝ գրքի շնորհանդեսին նշեց տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:
«Լիլիթ» պատմվածքը բրայլյան այբուբենով տպագրվել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն
Թելման Բոյաջյանը հայտնեց, որ իրենք մեծ պատրաստակամությամբ ու սիրով արձագանքեցին տուն-թանգարանի նախաձեռնությանը: Չնայած տեխնիկական որոշ խնդիրներին՝ բրայլյան այբուբենով պատմվածքն արդեն հասանելի է ընթերցողներին:
Գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև «ֆեյսգիրք» մրցույթի մրցանակակիր 11-ամյա Արսեն Գևորգյանը: Վերջերս նա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հայտնել էր բրայլյան այբուբենով գրքեր ունենալու իր ցանկության մասին: Այսօր նրա ցանկությունը ևս կատարվեց:
Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում այսօր բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը: Դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝ մասունքներով: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի առաջարկով` երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:
<<Ձեր աչքի առաջ այսօր բացվեց այն, ինչ զմռսվել, պահպանվել ու մեզ է փոխանցվել 1650 տարի առաջ: Սրանք արքայատոհմի անդամների ոսկորներ են, ինչը նշանակում է, որ մեր պատմիչների՝ Խորենացու և Բուզանդի վկայությունները մարմին առան ու դարձան իրականություն հենց մեր աչքի առաջ>>.- Աղձքի Արշակունյաց թագավորների դամբարանի արդեն հայտնի երրորդ սնդուկը բացելուց անմիջապես հետո իր ոգևորությունը լրագրողների հետ կիսեց դամբարանն ուսումնասիրող հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Իսկ պատմիչների՝ մասնավորապես Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ, պետականության գաղափարն ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով, պարսից զորքը քանդում է Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց զորքն Արարատյան դաշտում պարտության է մատնում պարսիկներին և հայ թագավորների ոսկորները վերաթաղում Աղձք բնակավայրում:
Աղձքում մեծից փոքր, բոլորը գիտեն այս պատմությունը, գիտեն ու հպարտանում են՝ հայոց արքաների դամբարանը հենց իրենց համայնքում է։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Աղձքի հնագիտական ծրագրի իրականացման համար 2014 թվականին տրամադրվել է 15 միլիոն դրամ, 2015-ին և 2016-ին՝ 17 –ական միլիոն, 2017-ի համար նույնպես նախատեսված է 17 միլիոն դրամ: Նախարարի բնորոշմամբ՝ սա մեծ շարունակության միայն սկիզբն է։ <<Սա սկիզբն է այն մեծ շարունակության, որը, այս ամենը տեսնելով, կարող եք ենթադրել, թե ինչի կարող է վերածվել: Պարզապես պետք է լինեն համապատասխան հատկացումներ, դրամական միջոցներ, որպեսզի կարողանանք ոչ միայն թանգարանացման, պեղման ու ուսումնասիրման աշխատանքներն իրականացնել, այլև լուծել ենթակառուցվածքների խնդիրը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը>>:
Նշենք, որ ծրագրի գաղափարական աջակիցն է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Պատգամավորը կարևորում է այն փաստը, որ Աղձքի դամբարանը հայոց արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է։ Ուստի այն պետք է պահպանել ու հանձնել սերունդներին։
Ռուսական «Գոլոս»-ի ամենավառ մասնակիցներից մեկը` հայազգի Անդրեյ Դավիդյանը, ով երեկ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այսօր` նոյեմբերի 13-ին մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ սրտի կաթված է արձանագրվել: Բժիշկներին չի հաջողվել փրկել 60-ամյա երգչի կյանքը:
Նա հայտնի էր տարբեր խմբերի հետ ունեցած իր համատեղ աշխատանքներով` «СВ», «Ռոք ատելյե», «Նահանջ տարի»: Նա նաև Ալեքսանդր Գրադսկու, Ժաննա Ագուզարովայի և այլոց հետ մասնակցել է «Նեղացնելով շրջանակը» երգի ձայնագրման աշխատանքներին:
Հանդիսատեսի լայն շրջանակներին Անդրեյ Դավիդյանը հայտնի է դարձել ռուսական «Գոլոս» նախագծին մասնակցելու շնորհիվ:
Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի (1863-1944) «Աղջիկները կամրջի վրա» (1902) նկարը Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է 54.5 մլն դոլարով։ Այս մասին հայտում է TASS գործակալությունը։
Լոտի մեկնարկային գինը կազմել է 50 մլն դոլար։ Այդ նկարը, որը համարվում է նկարչի ստեղծագործությունում առանցքայիններից մեկը, 1996 թվականին վաճառվել էր 7.7 մլն դոլարով։ 2008 թվականի այն աճուրդում իրացվել էր արդեն 30.8 մլն դոլարով։
Սակայն նորվեգացի նկարչի աշխատանքների շարքում ռեկորդը պատկանում է «Ճիչը» (Skrik, 1893) նկարին, որը 2012 թվականին վաճառվել է 119.9 մլն դոլարով։
Ժամանակակից արվեստի աճուրդում իր տիրոջն է գտնել նաև Պաբլո Պիկասոյի «Նկարիչն ու մոդելը» նկարը (1960թ)։ Այն վաճառվել է 12.9 մլն դոլարով։
Նոյեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա ՀՀ նախագահի դրամաշնորհով նկարահանված «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը: Կինոնկարի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը նշել է, որ Արցախի ազատագրման և սահմանների ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն հայ, այլև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ: Ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանը լինելով եզդի ազգի ներկայացուցիչ՝ մինչ այս եզդիների սխրանքների մասին անտեղյակ է եղել։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակվել են 6 ամիս:
Հաշվի առնելով, որ ղարաբաղյան պատերազմում եզդիների մասնակցության մասին որոշակի անտեղյակություն կա ոչ միայն հայ հասարակության, այլև եզդիների շրջանում՝ որոշվեց նկարահանել փաստավավերագրական ֆիլմ, որում ամբողջական կներկայացվի ազգային փոքրամասնության մասնակցությունը և հայրենի հողի համար նահատակված եզդիների քաջագործությունները:
Նկարահանման աշխատանքներն սկսվել են այս տարվա մայիսին և տևել 6 ամիս՝ ներկայացնելով ստեղծագործական խմբի աշխատանքները՝ նշեց «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանը: Նրա փոխանցմամբ՝ փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է 2 լեզվով՝ հայերեն և եզդիերեն:
Թեև ֆիլմը նկարահանվել է 6 ամսում, աշխատանքները շատ ավելի երկար են տևել՝ շուրջ մեկ տարի նշում է ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը: Նկարահանման ընթացքում ռեժիսորը շեշտը դրել է մարդկանց կերպարների վրա:
Լինելով եզդի ազգի ներկայացուցիչ՝ մինչ այս ֆիլմի նկարահանման աշխատանքները եզդիների սխրանքների մասին տեղյակ չի եղել անգամ Սաիդ Ավդալյանը:
Հայ և եզդի ժողովուրդների հավերժ բարեկամության մասին են վկայում նաև ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և հերոսացած եզդի զինվորների անձնազոհ սխրանքները՝ նկատեց ֆիլմի հեղինակը:
Նոյեմբերի 18-ին Գյումրի Սեւ բերդ ամրոցում մշակույթի նախարարության աջակցությամբ կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգ-երեկոն: Ստեղծագործական երեկոյի ընթացքում հնչելու են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: Հատուկ համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական սպասված երեկոյին մնացել են հաշված օրեր: Հնչելու են հեղինակի «Ռեքվիեմը», «Տարվա եղանակները», «Զուգահեռ երգերը»։ Համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ում համար բացառիկ առիթ է ելույթ ունենալ Գյումրիում մաեստրո Մանսուրյանի հետ միասին:
Համերգին Հասմիկ Պապյանի մասնակցությունը շատ է արժևորում հատկապես Տիգրան Մանսուրյանը: Առհասարակ՝ Գյումրիում կայանալիք համերգը նշանակալի իրադարձություն է իր համար, քանի որ ինչպես Պապյանը, այնպես էլ Մանսուրյանը արմատներով սերտորեն կապված են Գյումրիի հետ:
Ստեղծագործական համերգ-երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան: Համերգ-երեկոյի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը վստահ է, որ այս և նմանատիպ համերգների շնորհիվ դասական երաժշտությունը կվերադառնա Գյումրի:
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեցին «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։ Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեցին խորհրդային տարիների սիրված ֆիլմերի մեղեդիներ («Գարնան 17 ակնթարթ», «Անորսալի վրիժառուները», «Իմքնքուշ ու նուրբգազան», «Ծառայողական սիրավեպ», «Միմինո», «Քաոս», «Պեպո», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Թթենի» և այլն)։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կինոնկարներից հատվածներ, հնչում տարբեր ֆիլմերից թևավոր խոսքեր։
Նշենք, որ «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը տոնական միջոցառումների շարքում ընդգրկվել են հենց երիտասարդների խնդրանքով։ Լեփ-լեցուն դահլիճն ու բուռն ծափահարությունները չէին թողնում նվագախմբին ու դիրիժորին հեռանալ բեմից։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, շեշտել է, որ այս տարի երիտասարդական տոների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարզաբնակ երիտասարդներին, հատուկ միջոցառումներ են իրականացվել հենց մարզերում։ Պարոն Ավագյանը նկատեց, որ բազմաբնույթ ծրագրերով ցանկանում են շեշտել, որ շատ մեծ ուշադրություն կա երիտասարդների և ուսանողների նկատմամբ։