Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 1032 articles
Browse latest View live

Պողոս Հայթայան. «Ինչ որ բան ճեղքել եմ, թե ՝ չէ, չեմ կարող ասել, ես պարզապես ապրել եմ»

$
0
0

alisagevorgyan

Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև՝ արվեստաբան Պողոս Հայթայանին նվիրված մեծարման հանդիսությունը: Ծննդյան 80-ամյակի առիթով վաստակաշատ արվեստաբանին շնորհավորել ու ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգևատրել է   մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հիշեցնենք, որ Պողոս Հայթայանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի։ Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

 

Ծնվել է Բեյրութում՝ 1935 թվականին:  1946-ին՝ ընտանիքով հայրենադարձվել:  Սովորել ու ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: Հայ արվեստի 60-ականների յուրատեսակ վերածննդի պատմությունն ուղղակիորեն առնչվում է նաև նրա անվան հետ՝ Պողոս Հայթայան: Տեսակով ազատամիտ ու համարձակ արվեստաբան, որը միշտ կանգնած  էր  խիզախի ու նորարարի  կողքին:

80-ամյա Հայթայանի որդին՝ նկարիչ Արա Հայթայանը վստահեցնում է, որ արվեստաբան հոր ներկայությունն ընտանիքում երբևէ չի կաշկանդել, որովհետև նա  առաջին հերթին ընկեր է՝ նկարչի խնդիրները տեսնող և նկարի խորքը տեսնող անձնավորություն, որը նաև գրում է և մեծ ժառանգություն է թողել։

Արվեստաբան Մարտին Միքայելյանի բնորոշմամբ՝ Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխան արվեստաբան է։ Նրա մի շարք հոդվածներ կարող են թարգմանվել և զարդարել համաշխարհային արվեստաբանությունը: <<Պողոս Հայթայանին ճանաչում եմ դեռ այն տարիներից, երբ հրավիրում էինք նրան հեռուստատեսություն՝ հարցազրույցների, և միշտ հիացել եմ նրա պատկերավոր խոսքով>>.- մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքերն են:

Մշակույթի նախարարի ոչ միայն ջերմ խոսքերը, նաև՝  նախարարության  պատվոգիրն ու  Գրիգոր Նարեկացի հուշամեդալը հուզեցին 80-ամյա արվեստաբանին: <<Ես ապշած եմ  այս վերաբերմունքից: Նաև  չափազանց երջանիկ եմ, որովհետև՝ ինչ էլ անեք, որ պատին էլ ձեզ խփեք, միևնույնն է՝ հայ կերպարվեստը մեր պարծանքն է>>:

<<Ես ունեի Վիլեն Մաթևոսյանի նման ուսուցիչ ու ողջ համաշխարհային գրականությունը>>: 60-ականների խորհրդային պատը ճեղքելու գործում, ժամանակին հեղափոխական մտածողությամբ առանձնացող  արվեստաբանը,  հենց նրանց է վերագրում իր աշխարհայացքի ձևավորումը: <<Ինչ որ բան ճեղքել եմ, թե ՝ չէ, չեմ կարող ասել, ես պարզապես ապրել եմ>>,-ասում է արվեստաբանը

80-ամյա արվեստաբանն առ այսօր չի մոռանում ուսանողական տարիների վիրավորանքն ու տեխնիկումի ապաշնորհ դասախոսին, ով իրեն անվանել էր ֆնդխ՝ ասել է թե՝ ոչինչ, ինչպես չի մոռանում Վահրամ Փափազյանին ու նրա բարի խոսքերը, որոնք առ այսօր ջերմացնում են սիրտը:


Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ»-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

$
0
0

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը `«Կտրուկ շրջադարձ» խորագրով: Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ համերգին կկատարվեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Նա առաջին անգամ հայ երաժշտական իրականության մեջ դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների սիեթեզով է ստեղծագործում և տարբեր ժանրերում բազմաթիվ երկերի հեղինակ է։

Դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Կ. Սարաջյանի անվ. Մանկական երգչախումբը, մեներգիչ՝ Ռուբեն Հախվերդյանը, մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանը, Տիգրան Այվազյանը (կիթառ), թավջութակահար՝ Լևոն Առաքելյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը, Գևորգ Մովսիսյանը (ակկորդեոն), Ալեքսանդր Գրիգորյան (հարվածային գործիքներ)։

Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին» և այլ ստեղծագործություններ:

1.Կտակ

2.Երևանի գիշերներում

3.Աշնան երգը

4.Երբ ես կմեռնեմ

5.Եվ ուղիղ ժամը 12-ին

6.Ճամփորդ

7.Հիսունից հետո

8. Օրոր

9.Կարոտ

10.Մեր Սիրո աշունը

11.Սա Երևանն է

12.Տիկին Արուս

13.Կեսգիշեր

Կինոարվեստը պետք է օժտված լինի ազգային գաղափարախոսությամբ.Ռուբեն Գեւորգյանց

$
0
0

alisagevorgyan
Ռեժիսոր Վահե Գևորգյանցի  «Մեծ տոն» կարճամետրաժ ֆիլմը Դուշանբեի միջազգային կինոփառատոնում վերջերս արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: «2015-ին այս ֆիլմն արժանացել է հինգ գլխավոր մրցանակի՝ ԱՄՆ-ում: Մրցանակի էր արժանացել նաև Բաթումի միջազգային կինոփառատոնում: Դուշանբեի մրցանակը ևս  շատ կարևոր ու արժեքավոր է»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ֆիլմի սցենարի հեղինակ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:


«Մեծ տոն» կարճամետրաժ Ֆիլմը արցախյան պատերազմի մեկ օրվա մասին է: Մի լքված, դատարկ  գյուղում հանդիպում են քաղցած երկու երեխա՝ հայ ու ադրբեջանցի: Հենց նրանք էլ ֆիլմի հերոսներն են: Կա նաև երրորդ հերոսը՝ շունը, որը ևս ունի իր պատմությունը: Ֆիլմի ռեժիսորն է Վահե Գևորգյանցը, սցենարի հեղինակը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն է:

Երկար տարիներ չարչրկված կինոյի մասին օրենքի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են: Ակտիվությունը պայմանավորված է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խնդրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ: «Ինչ կտա օրենքը հայ կինոյին, ինչով է պայմանավորված դրա ընդունման անհրաժեշտությունը»,- Կինոգործիչների միության նախագահի  պատասխանն այսպիսին է. «Բոլոր երկրներում կա օրենք. օրինակ մեկը ֆիլմ է նկարել, տանում է հեռուստատեսություն կամ կինոթատրոն: Հարց եմ տալիս, արդյոք նա ունի ցուցադրելու իրավունք: Դա պետք է տա պետությունը»:

Շրջանառվող նախագիծը Ռուբեն Գևորգյանցին, ընդհանուր առմամբ, դուր է գալիս, բայց, ինչպես ասում է, փաստաթղթում չկա կարևորագույն տողը՝ կինոարվեստը պետք է օժտված լինի ազգային գաղափարախոսությամբ:

Գևորգյանցի համոզմամբ՝ կինոյի զարգացման համար ոչ միայն օրենք, այլև սրտացավություն ու կառավարման լուրջ հմտություններ են անհրաժեշտ:

«Կան հարցեր, որոնք շատ հստակ պետք է դրվեն, օրինակ՝ ինչպիսի ֆիլմեր են մեզ անհրաժեշտ»,-ասում է ռեժիսորը:

Կինոգործիչների միության նախագահի հետ զրուցեցինք նաև երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի այս օրերին ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվող  նախաձեռնության մասին, որին իրենց  աջակցությունն են հայտնում բազմաթիվ կինոգործիչներ ու հասարակական հայտնի դեմքեր: «Հայֆիլմ»-ի Վերածննդի նախաձեռնություն ֆեյսբուքյան էջում Հայկ Բաբայանը կոչ է անում միավորվել և «Հայֆիլմ»-ի հարցը բարձրացնել պետական բարձր ատյաններ՝ մինչև կառավարություն ու Ազգային ժողով:

«Հայֆիլմը վերականգնելու համար 10-15 միլիոն դոլար է անհրաժեշտ, ով է տալու այդ գումարը: Դա  պոպուլիստական,  կամ գուցե ոչ պոպուլիստական, բայց անիրատեսական  նախաձեռնություն է »,-ասում է կինոգործիչների միության նախագահը:

Մահացել է Վլադիմիր Զելդինը

$
0
0

101 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել Է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ դերասանը ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Նրա կինը՝ Իվետա Զելդինան, հայտնել է, որ նա երեք շաբաթ բուժզննում և բուժում Էր անցնում զինվորական հոսպիտալում, որտեղից նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու ինստիտուտ:

Այս տարի լրացել Էր Վլադիմիր Զելդինի 101 ամյակը: Դերասանը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Կառնավալային գիշերը», «Քեռի Վանյան», «Դուենյան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Հունիսի 31-ը»: 1945 թվականից Զելդինը խաղում Էր Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի բեմում:

Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը

$
0
0

shahiryanԿինոյի եւ թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը:

Նոյեմբերի 3-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում յուրատիպ հանդիպում կկազմակերպվի սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների եւ գործընկերների համար:

Հանդիպման առիթը հոբելյանական է, իսկ վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել եւ իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում:

Հոբելյանական միջոցառումը լավ առիթ կընձեռի բեմից եւս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու, հիշելու եւ վերհիշելու փաստեր ու ակնթարթներ դերասանուհու գործունեության վերաբերյալ, որոնք ջերմ են եւ սիրելի, հին եւ նոր միաժամանակ:

Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ կունենան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ երգիչներ: Հոբելյանական միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը եւ հաղորդավար Արման Մարգարյանը:

Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն եւ ծոռը:

Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դերեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում  խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլն:

Էվելինա Շահիրյանը 2003 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ եւ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:

Կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը վերաթողարկվել է

$
0
0

sonahakobyan
Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել «Գարուն» ամսագրի` 2016թ. առաջին համարը: Անդրադառնալով կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագրի վերաթողարկմանն ու հեռանկարին՝ ամսագրի արդեն 6-րդ գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշել է, որ պահպանելով հին ավանդույթները՝ մատուցելու են ժամանակակից մարտահրավերներին համապատասխան նոր ամսագիր: Խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հայտնել է, որ 2016թ. առաջին համարը նվիրված է անկախության 25- ամյակին: Մինչև տարեվերջ լույս կտեսնի ևս 3 համար:

 

 

Կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրն իր ասելիքը չի ավարտել: Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո մեծ ավանդույթներ ունեցող ամսագիրն իր ընթերցողներին կներկայացնի 2016 թվականի առաջին համարը: Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները՝ ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ պահպանելով հին ավանդույթները՝ փորձելու են շարժվել նաև ժամանակին համահունչ:

«Ընթերցողը պետք է հստակ պատկերացում կազմի այդ ժամանակաշրջանի գրական մթնոլորտի մասին: Մենք   փորձելու ենք ողջ գրականության  դաշտը ամփոփել «Գարունի» էջերում և բանավեճեր հրահրել: Ամեն համարի համար ունենալու ենք հստակ հարցադրումներ: Ինչպես անդրադարձավ անկախությունը գրականության վրա, որին պատասխանել են մի քանի բանախոսներ: Փորձելու ենք քննադատության միջոցով վեր հանել խնդիրներ, նաև տալ դրանց լուծումներ»:

2016 թվականի առաջին համարն արդեն լույս է տեսել և նվիրվում է անկախության 25- ամյակին: Նոր համարը վկայում է, որ  «Գարունը» նոր գարուններ կբերի: Մինչև տարեվերջ լույս կտեսնի ևս 3 համար: Այս համարներում էլ շեշտը դրվելու է հրապարակախոսության վրա: Խոսելով ամսագրի որդեգրած քաղաքականության և հեռանկարների մասին`  խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ առաջնորդվել են չարենցյան նշանաբանով:

«Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր: Հուսով ենք, որ 50-ամյա «Գարունը» պիտի կարողանա ժամանակի շունչը պահել: Իհարկե 21-րդ դարում պետք է հաշվի առնենք, որ ամսագրի ձևաչափը մի փոքր նահանջում է ու ոչ միայն Հայաստանում: Սակայն իր ընթերցողին ինքը կգտնի, ես համոզված եմ դրանում»:

Գարունը շարունակելու է տպագրել հայ անվանի և երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Ակնարկներով, հոդվածներով և հարցազրույցներով այն բարձրացրել և բարձրացնելու է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիարակչական հարցեր։ Ամսագիրը նաև թարգմանական աշխատանքների մեծ ավանդույթ ունի և այս ավանդույթը ևս պահպանվելու է: Ամսագիրը լույս է տեսնելու 500 տպաքանակով և վաճառվելու է կրպակներում 1000 դրամով:

Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

$
0
0

2016 թվականին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է հոկտեմբերի 19-23-ը: Ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուրն էր Նիդերլանդները:

Հայկական տաղավարը ձևավորված էր բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Առաջին», «Արի» գրական գործակալությունները, «Գրքի ինստիտուտը»:  Ներկայացվել է վերջին 2-3 տարիների հրատարակությունները. Հայաստանի պատմությանը նվիրված` ալբոմային, թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ լույս տեսած գրքեր: Պատվիրակության անդամ հրատարակիչների արտադրանքը ներկայացված էր առանձին հատվածներով:

Հայկական տաղավարում տեղի է ունեցել Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ռուսական տաղավարում անցկացվել է Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված գրական ծանոթություն, որի ժամանակ ծավալուն ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Հայաստանն ըստ Մանդելշտամի» պատկերագիրքը: Հայկական տաղավարին անակնկալ էին պատրաստել նաև ուկրաինացիները՝  նվիրելով «Մոռացված նախնիների ստվերները» ստեղծագործության ուկրաիներեն հրատարակությունը, իսկ լեհական պատվիրակությունը նվիրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի լեհերեն հրատարակությունը: Պետք է նշենք, որ Վ. Ոսկանյանի այս վեպը հրատարակվել է ավելի քան 25 լեզուներով:

Նախարարության պատվիրակությունը լեհական տաղավարում հանդիպել է նաև Յանուշ Վիշնևսկու հետ, քննարկել 2017 թվականին` «Գրական տապան» միջազգային փառատոնին նրա մասնակցության հարցը:

Գրական գործակալները, հրատարակիչները և նախարարության պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել արտերկրի գործընկերների հետ՝ գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման բանակցությունների վարման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով:

 

Արտավազդ Փելեշյանը պարգեւի է արժանացել

$
0
0

Հայտնի հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Յիգլավա քաղաքում անցկացվող Վավերագրական կինոյի միջազգային փառատոնում պարգևի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար, հայտնում է Prague Post-ը։

Ստեղծագործական ֆորումի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Արտավազդ Փելեշյանի եզակի տաղանդի մասին, նշել է, որ նրան հաջողվում է կյանքի իմաստը փոխանցել մի քանի էկրանային րոպեների ընթացքում, իսկ նրա քննության կերպը, որով բեմադրիչը ստեղծում է իր աշխատանքները, ընդմիշտ կմնան կինեմատոգրաֆի պատմության մեջ։

Նշենք, որ Չեխիայի փառատոնում (անցկացվել է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը) կներկայացվի 250 ֆիլմ։

Փելեշյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995)։


Պատրիկ Ֆիորին France3-ի եթերում «Դլե Յաման» է կատարել

$
0
0

Հայկական արմատներով հանրահայտ ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին ֆրանսիական հեռուսատատեսության եթերից հնչեցրել է հայկական Դլե Յամանը:  Ֆրանս երեք հեռուստաալիքով հեռարձակվող «Երգերի գաղտնի կյանքը» հեռուստահաղորդման ժամանակ Ֆիորին երգել է հայերոնով:

patricia

Եվրիմաժը կամուրջ հայ եւ եվրոպացի կիոնաարտադրողների միջեւ

$
0
0

hasmikmartirosyan

Եվրիմաժը Եվրոպայի խորհրդի հիմնադրամ է, որը խթանում է համատեղ ֆիլմարտադրությունը, աջակցում ֆիլմերի տարածմանը և թվայնացմանը: 1988 թվականին ստեղծված հիմնադրամին այսօր անդամակցում է  37 պետություն: Այս տարի Հայաստանը լրացրեց այդ երկրների շարքը:  Արդյո՞ք  Եվրիմաժին անդամակցելով՝ ՀՀ-ում կզարգանա կինոարտադրությունը , եւ ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում կազմակերպությունը անդամ երկրներին:

 

Ֆիլմերի ֆինանսավորման երկու աղբյուր գոյություն ունի՝ պետական եւ մասնավոր: Վերջիններս իրենց ներդրումը հիմնականում կատարում են կոմերցիոն նախագծերում, իսկ մշակութային, հեղինակային ֆիլմերը՝ պետական հոգածության ներքո են:

Մասնավորապես, եթե անգամ հետեւենք երեւանյան կինոթատրոնների ազդագրերին՝ կտեսնենք, որ ցուցադրվող հայկական ֆիլմերը հիմնականում շահույթ հետապնդող են: Ինչո՞ւ էին մեր ֆիլմարտադրողները դժվարությունների հանդիպում արտերկրյա կինոարտադրողների հետ համագործակցության հարցում: Ըստ նրանց՝ <<Կինոյի մասին>> օրենքի բացակայության եւ Եվրիմաժին՝ Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամին չանդամակցելու պատճառով:

Այսօր արդեն ՀՀ-ը Եվրիմաժի լիիրավ անդամ է, եւ կազմակերպության ղեկավար մարմնի անդամները ժամանել են Հայաստան՝ անձամբ ներկայացնելու Եվրիմաժի առավելություններն ու մասնակցության հնարավորությունները: Եվ այսպես, Եվրիմաժը կինոարտադրության խթանման հարթակ է, եւ մուտք դեպի միջազգային շուկա:

«Եվրիմաժին անդամակցելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, տարբեր ձեւաչափերով բանակցություններ են տեղի ունեցել, որի ընթացքում մենք նույնպես փորձառություն ենք ձեռք բերել: Անդամակցելով նման կազմակերպությանը՝ հայ կինորատադրողներին հնարավորություն է տրվում եւ ֆինանսավորում ստանալ, եւ համատեղ ֆիլմեր արտադրել»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։

Այժմ հայրենական կինորատադրողներին ընձեռված հնարավորության մասին: Ըստ կազմակերպության պայմանների, հայրենական ֆիլմարտադրողներին, սցենարիստներին, պրոդյուսերներին հնարավորություն է տրվում Եվրիմաժի անդամ պետություններում գործընկերներ գտնել, համատեղ սցենար գրել ու ներկայացնել եվրոպական կազմակերպությանը: Հավանության արժանանալուց հետո կարող եմ ֆինանսավորում ստանալ եւ ֆիլմ նկարահանել, եւ, ամենակարեւորը, ցուցադրել այն եվրոպական երկրներում:

Իսկ Եվրիմաժում գործում են հետեւյալ չափանիշները՝ հայտերի ընդունման թափանցիկություն, ֆիլմերը ներկայացնող պրոֆեսիոնալ առաջարկներ: Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն,  ներկայացնելով Եվրիմաժում կատարվող նոր փոփոխությունները, նշեց, որ համաձայն նոր դրույթների՝ դյուրացվում է կողմերի մասնակցության հնարավորությունը:

«Ըստ ֆիմարտադրության վերաբերյալ նախկին կոնվենցիայի, պրոդյուսերի ֆինանսական ներդրումը նախագծում պետք է լիներ շուրջ 10 տոկոս: Լրամշակված տարբերակում 10 տոկոսի շեմն իջեցվել է 5 տոկոսի: Հնարավորություն է ընձեռվելու նաեւ 3-րդ երկրների մասնակցությանը Եվրիմաժին, տարբեր փառատոներին ներկայանալը, ինչպես նաեւ մասնակցության գենդերային խտրականության համամասնության հարցն է հստակեցվել»:

Ըստ աշխատանքային գրաֆիկի, եվրոպացի հյուրերը այսօր կինորատադրողներին պետք  է ներկայացնեն կինոհիմանադրամի գործունեության առանձնահատկությունները, հայտեր ներկայացնելու կարգը, աջակցման այլ ծրագրերը: Իսկ վաղն արդեն հիմնադրամի փորձագետները խորհրդատվություն կտրամադրեն՝ ըստ ներկայացված նախագծերի: Ի դեպ, հայ կինոարտադրողներից արդեն ստացվել է 45 անհատական հայտ:

Արվում է ամեն ինչ կինոյի մասին օրենք ունենալու համար

$
0
0

alisagevorgyan
«Հայֆիլմ»-ին  ոսկե պատեր պետք չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կինոստուդիան սկսի աշխատել»,-ասում է երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, ում՝ «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան  նախաձեռնությունն  այս օրերին լայն թափ է ստանում: Նախաձեռնության հանդեպ դրական ու կառուցողական է տրամադրված նաև մշակույթի նախարարը: Հայ կինոյի վերածննդի համար կինոգործիչները ոչ միայն կինոստուդիայի վերածնունդն են կարևորում, այլև դաշտի օրենսդրական կարգավորումը: «Արվում է ամեն ինչ, որպեսզի 2017-ին ունենանք կինոյի մասին օրենք»,-վստահեցնում են մշակութային գերատեսչության պատասխանատուները:


«Հայֆիլմի» 100-ամյակը պետք է նշենք հենց «Հայֆիլմում»: Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի նպատակը ծնվել էր ամիսներ առաջ, երբ դեռ ծառայում էր բանակում, իսկ օրեր առաջ մեկնարկած նրա՝ «Հայֆիլմի վերածնունդ» ֆեյսբուքյան  նախաձեռնությանն այսօր արդեն 1600 մարդ է միացել,  հիմնականում՝ կինոգործիչներ: Սակայն կինոգործիչներից ոմանք մեծ վերապահումով են մոտենում երիտասարդ արվեստագետի նախաձեռնությանը՝ այն համարելով անիրատեսական: Նրանց թվում նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն է:

Ավագ գործընկերոջ հոռետեսությունը երիտասարդ ռեժիսորը չի կիսում:

«Ես հագնելու եմ բանվորական  շորեր ու գնալու եմ «Հայֆիլմը» վերանորոգելու: Ինձ հետ կլինեն իմ ընկերներն ու բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ ընդունակ են փոփոխություններ անելու»,-ասում է ռեժիսորը:  Չափազանց ուրախ է, որ նախաձեռնության հանդեպ  դրական ու կառուցողական է տրամադրված նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հենց նրա հրավերով հանդիպել ու զրուցել են նախաձեռնության ու կինոյի խնդիրների մասին:

«Հայֆիլմին»  ոսկե պատեր պետք չեն, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կինոստուդիան սկսի աշխատել: Անհրաժեշտ է գոնե մեկ կինոդահլիճ, մի քանի տաղավարներ: Ինչ-որ մի կետից պետք է սկսել»,-ասում է ռեժիսորը:  Հայ կինոյի վերածննդի համար կինոգործիչները ոչ միայն կինոստուդիայի վերածնունդն են կարևորում, այլև դաշտի օրենսդրական կարգավորումը:

Կինոգետ Դավիթ Մուրադյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Շատ հաճախ մեր միջազգային համագործակցությունը , հատկապես՝ կինոյի ոլորտում, սահմանափակվում է կամ առանձնապես հաջողությամբ չի զարգանում, որովհետև մեզ հարցնում են՝ իսկ դուք կինոյի մասին օրենք ունե՞ք»:

«Մենք ձգտում ենք, որպեսզի 2017-ին ունենանք Կինոյի մասին օրենք: Դա բխում է բոլորիս շահերից»,-ասում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա ձևակերպմամբ՝ կինոյի մասին օրենքի նախագիծը 90 տոկոսով պատրաստ է, և այս պահին կառավարությունում է:

Կառավարության հաստատումից հետո կինոյի մասին օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: «2017 թվականի գերակայությունների ցանկում մենք ներգրավել ենք օրենքի ընդունումը, որպես կառավարության հաստատմանը ենթակա առաջնահերթություններից մեկը»,-ընդգծում է փոխնախարարը:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

$
0
0

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:

Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Ամփոփվել են «Գրանշան 2016» մրցույթի արդյունքները

$
0
0

 alisagevorgyan
Մշակույթի նախարարությունում այսօր ամփոփվել են «Գրանշան 2016» մրցույթի արդյունքները: «Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի տառատեսակներ» անվանակարգում առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  Հայաստանի գեղեցիկ արվեստների  պետական ակադեմիայի ուսանողներ Մարիետա Արզումանյանն ու Սյուզի Հակոբյանը: Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Ազատ ոճի տառատեսակների մեջ «Հատուկ կարծիքի» է արժանացել նաև Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության  նախաձեռնությամբ  «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթն անցկացվում է 2008 թվականից:  2010 թվականից մրցույթի համակազմակերպիչն է Մյունխենի տպագրական դիզայներների միությունը: «Գրանշանն» այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը` Վարշավայում:


«Գրանշանը» մեր մշակութային ժառանգությունը միջազգայնացնելու ևս մեկ հաջողված հնարավորություն է: Հայաստանում  ծնված նախաձեռնությունն իրականացվում է տարբեր երկրներում»: ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով «Գրանշանի» հաջողության մասին վկայում է վիճակագրությունը:

«2008-ին, երբ այն ստեղծվեց, ուներ  չորս անվանակարգ և մրցույթին ներկայացվել էր ընդամենը 41 աշխատանք: Այս տարի մրցույթին ներկայացվել է 98 տառատեսակ՝ 28 երկրից»:

2008-ին Հայաստանում ծնված «Գրանշան» մրցույթի առանձնահատկությունն այն է, որ միակն է ոչ լատինական տառատեսակաների համար: Տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի անվանակարգում Վարշավայում կայացած մրցույթում այս տարի մրցում էին հայկական, արաբական, չինական, կիրիլյան, հունական, եբրայական, հնդկական, կորեական և թայլանդական տառատեսակները: Եվս մեկ անվանակարգ, որը կոչվում էր ցանկացած այլ լեզվական համակարգ՝ որպես ազատ ոճի տառատեսականեր: Հայաստանից ներկայացված ութ աշխատանքից այսօր հայտնի դարձան մրցանակակիրները: Հայաստանի ազգային գրապալատի մրցութային հանձնաժողովի համանախագահ Էդիկ Ղաբուզյանն  է ներկայացնում

«Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի տառատեսակներ» անվանակարգում առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  Հայաստանի գեղեցիկ արվեստների  պետական ակադեմիայի ուսանողներ Մարիետա Արզումանյանն ու Սյուզի Հակոբյանը»:

Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Ազատ ոճի տառատեսակների մեջ «Հատուկ կարծիքի» է արժանացել նաև Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք:  Նշենք, որ մրցույթի համատեքստում 2012 թվականից անցկացվում  է նաև  «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների ամենամյա միջազգային համաժողովը: Այս տարի այն կայացել է հոկտեմբերի 25-30-ը՝ Կահիրեի ամերիկյան համալսարանում:

Վլադիլեն Բալյանի հուշերը. «Եվ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…»

$
0
0

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերությունը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիլեն Բալյանի «Եվ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» /«И все они были… Страницы из дневника композитора»/ ռուսերեն գիրքը։ Այն կոմպոզիտորը ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։

Ներկաները շնորհանդեսի ընթացքում նաև ունկնդրել են Վլադիլեն Բալյանի մի քանի ռոմանսներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի կատարմամբ և Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։

Վլադիլեն Բալյանի հուշագրությունը, իր իսկ գնահատմամբ, մի կյանք տևած սիրո պատմություն է և երեք տարվա աշխատանքի արդյունք։ Իրական ժողովրդականություն վայելող ստեղծագործություններ հեղինակած կոմպոզիտորը նաև նշանակալի դերակատարություն է ունեցել  կարևորագույն մշակութային օջախների կառավարման գործում և շատ ու շատ հարցերում նախաձեռնություն ցուցաբերելով՝ դարձել տարբեր ձեռնարկումների կազմակերպիչ և իրականացնող։ Գիրքն ամփոփում է այդ ձեռնարկումների ու Վլադիլեն Բալյանի հարուստ կյանքի հետաքրքրական դրվագները՝ Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռաստրոպովիչի, Բենջամին Բրիտտենի և 20-րդ դարի այլ մեծ արվեստագետների հետ հանդիպումների պատմությունները։

Ներկայացվող հուշագրությունը լրացնում է վառ անհատականությունների արդեն հայտնի կերպարները  և անուղղակիորեն ներկայացնում հեղինակին։ Վերջինս գոհունակություն է հայտնել երկրի պատմության և իր կենսագրության մաս կազմող Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում իր բարեկամներին ևս մեկ անգամ մեկտեղելու առիթի համար։

Նա շնորհակալությամբ նշել է Վիլլի Սարգսյանի խմբագրական և Կարեն Բալյանի ձևավորման  աշխատանքը։  Վլադիլեն Բալյանը հատուկ ջերմությամբ ընդգծել է գիրքը   թանկագին ընկերոջ՝ Սիմոն Հախումյանի հիշատակին նվիրելու փաստը և կարևորել հրատարակման հարցում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործուն աջակցությունը։

Վլադիլեն Բալյանի կյանքի տարբեր փուլերին անդրադարձող հուշագրությունը  ոչ միայն ժամանակագրական, այլև իրադարձային մեծ ընդգրկման շնորհիվ ներկայացնում է Խորհրդային Հայաստանում մշակույթի զարգացման պատմությունը՝ շիտակ, անկեղծ շարադրանքով և հավաստի փաստագրությամբ։

 

Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. Էվելին Շահիրյան

$
0
0

arminegevorgyan

Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում հայկական թատրոնի եւ կնոյի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին, որի ծննդյան 75-րդ հոբելյանին նվիրված երեկոն կայացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

 

Նա միշտ հպարտանում էր, որ իրեն այդպիսի  գեղեցիկ անունով են կոչել ծնողները , բայց նրա անվանակոչումը պատմություն ունի։ Ծնվեց  1941 թ-ի  հունիսին, ու երբ դուրս գրվեց հիվանդանոցից, սկսվեց պատերազմը: Ազգականները,  ոմանք թաքուն, ոմանք էլ բացահայտ ասում էին՝ թե  <<բեխեր>> երեխա  է:  Ու բոլորը այնքան էին  տագնապած պատերազմից, որ չէին էլ մտածում երեխային ինչպես անվանել։ Նորածնի հայրը մեկնում է պատերազմ, մայրը  մի պահ սթափվելով՝ մեկնող գնացքի հետևից բղավում է,  թե ինչպես անվանի աղջկան։ Վանիկն էլ՝ նորածնի հայրը, հուսահատ գյումրեցուն հատուկ բարբառով պատասխանում է. <<Էվելորդ է>>։ Ու մինչ  ձայնը հասնում է տեղ, էվելորդը դառնում է  էվելինա։

Սա մի փոքր  դրվագ էր դերասանուհի  Էվելինա  Շահիրյանի  կյանքից։ Դրամատիկան  թատրոնի բեմում մեծ  իրարանցում էր, կարելի է ասել՝ կռիվ էր ընկել։ Բեմում էին դերասանուհի Էվելիա Շահիրյանի թոռները: Նրանք  չեն կարողանում միմյանց մեջ որոշել, թե ով պետք է հայտարարի ու բեմ հրավիրի կինոյի և թատրոնի սիրված դերասաուհի, ՀՀ վաստակավոր արտիստ,սիրելի տատիկին,բայց նույն պահին էլ   խոստովանում էին՝ նրան նայելով ամեն անգամ դժվարանում են <<տատիկ>> բառն արտաբերել:

Գեղեցիկ, հմայիչ, կանացի եւ հավերժ երիտասարդ. այսպես են ընկերներն ու գործընկերները նրան բնութագրում։ Մայր թատրոնի դերասան  Արմեն Մարությունը  «Ռադիոլուրի»  միջոցով հարց է ուղղում դերասանուհուն, ու ասում. ի վերջո կարո՞ղ ես բացահայտել քո գեղեցկության գաղտնիքը: Ի դեպ, դերասանը անկեղծանում է, ֆիլմերում մի քանի անգամ Էվելինան  կնոջ կերպարում է հանդես եկել ու շատ հաճախ նրան  հենց այդպես էլ ներկայացնում է, «Ծանոթացեք, իմ երկրորդ կինն է,բայց կինոյում»:

«Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինն ավարտած դերասանուհին 1960-ականներին մտավ  հանդիսատեսի սիրտը: Հեռուստատեսությամբ ներկայացված «Սոխակներն են երգում» բեմադրության մեջ հանդես եկող դերասանուհին իր Ինգա կերպարով, որպես բարության խորհրդանիշ, հաստատեց, որ 16-17 տարեկանում էլ կարող ես խաղալ նման դերեր, հիմնել անկեղծության եւ ճշմարտության թատրոն:

Դերասան  Գուժ Մանուկյանը,  ով նրա խաղընկերն է եղել, ասում է՝ եթե տաղանդավոր դերասանուհի ես, ուրեմն նաև հրաշալի մարդ ես։ Էվելինան հենց այդպիսին է :

Դերասան  Հրաչյա Հարությունյանը արդեն  30 տարի  նրա հետ նույն բեմում է. Իրեն բախտավոր մարդ է համարում, ասում է, որ ներկայացման  հաջողության գրավականը լավ խաղընկեր ունենալն է։

Շնորհավորանքներ, հուշեր, հատուկ մրցանակներ եւ պարգեւներ.  Էվելիան Շահիրյանը դրանց պակասը չզգաց։ Գրիգոր Նարեկացու հուշամեդալը մշակույթի նախարությունը հենց նրան  շնորհեց կինոյում և թատրոնում ունեցած մեծ ավանդի համար։

«Հայտնի կարծիք կա, որ կան մարդիկ, որոնց դեմ ժամանակն անզոր է: Այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ինքն է ստեղծում ժամանակն ու ժամանակաշրջանը եւ այդ ժամանակաշրջանի մեջ ստեղծում է մարդկային երեւակայություններ»,- ասում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Իսկ ո՞րն է նրա գեղեցկության եւ հաջողության գաղտնիքը. «Ռադիլուրը»  փոխանցում Արմեն Մարությանի հարցը։ «Այդ հարցն ինձ միշտ տալիս են, սակայն ես չգիտեմ, թե որն է այդ գաղտնիքը: Պարզապես, պետք է հոգում ոչ մի վատ բան չպահել, ուրախանալ յուրաքանչյուր օրով, լինել բարի»,- ասում է։


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

«Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծարար էությամբ և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածության դրսևորում է:

Ձեր երկերը խորապես հայկական են՝ խարսխված հայ երաժշտության կոմիտասյան ակունքներին, իսկ Ձեր ստեղծած երաժշտական կերպարներում դրոշմված է կոթողային մտածողության երկանյանական ճանաչելի ձեռագիրը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Սառույցի արքաները՝ Երեւանում

$
0
0

Նոյեմբերի 27-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» բացառիկ շոու-ծրագիրը: «FORPOSTART Production»-ի նախաձեռնությամբ`պարարվեստի մասնագետները, ռեժիսորները, սցենարիստները, ձևավորողները, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերը` Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ, կներկայացնեն յուրահատուկ ձևաչափ ունեցող երեկո:

Կցուցադրվեն նաև հայ տաղանդավոր նորաձևության տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուները: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ռուսական էստրադայի հայտնի երգիչները, երաժիշտները, պարային խմբերը, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչները, գեղասահքի աստղերը:

Նրանց թվում են ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը: Սառցե շոուի այս յուրատեսակ ձևաչափն իրականացվել է հատուկ հայ հանդիսականի համար:

Սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը բաղկացած կլինի պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Հայաստանի համաշխարհային մակարդակի գեղասահորդները, իսկ որպես գլխավոր մենակատարներ ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան:

Հիշեցնենք, որ «FORPOSTART Production»-ը 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ կազմակերպել էր «Սառույցի արքաները» շոուն: Շոուի գլխավոր ներշնչողը՝ Եվգենի Պլյուշչենկոն, Հայաստան էր հրավիրել էր սառցե աշխարհի իր ընկերներին:

Ինչպես և մարտի 5-ին կազմակերպված «Սառույցի արքաները», այնպես էլ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE»-ը հավակնում է ընդգրկվել այս տարվա լավագույն հայաստանյան միջոցառումների ցանկում:

Համերգ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին

$
0
0

alisagevorgyan

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  այսօր տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված` մեներգիչների  (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթի դափնեկիրների գալա համերգը և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը: Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել պետական կոնսերվատորիայի, ՀՀ և ԼՂՀ երաժշտական և արվեստի քոլեջների 41 երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և շրջանավարտներ:

 

«Լավ է՝ հինգ տարի շուտ, քան՝ հինգ րոպե ուշ». Տաթևիկ Սազանդարյանի այս խոսքն ուղեցույց դարձավ շատերի համար: Բեմից նա հեռացավ, երբ ընդամենը 50 տարեկան էր՝ օպերային արվեստի պատմության մեջ մնալով որպես լավագույններից մեկը: Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

Մրցույթի երկրորդ փուլը հաղթահարած 12 լավագույն մեներգիչների թվում էին Դավիթ Թումանյանն ու Սիրանույշ Խաչատրյանը: Նրանց հետ զրուցել եմ երեկ, երբ նախապատրաստվում էին մրցույթի երրորդ՝ կարևորագույն փուլին, որի ժամանակ   հանդես  եկան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Ռադիոլուրի հետ զրույցում երիտասարդ երգիչները նշեցին, որ յուրաքանչյուր մրցույթ արվեստագետին  ուժեղացնում և կատարելագործման լայն հնարավորություն է տալիս

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ  Սուսաննա Մարտիրոսյանի բնորոշմամբ հայ երիտասարդ ձայներն այսօր փայլուն են, ինչպես միչտ: «Դասական երգեցողության ոլորտում դա հայտնի ճշմարտություն է»,-վստահեցնում է պրոֆեսորը:

Սուսաննա Մարտիրոսյանը ցավում է, որ այսօր քչերն են հիշում Տաթևիկ Սազանդարյանին որպես երգչուհու, քանի որ նա բեմը լքեց, երբ ընդամենը  50 տարեկան էր: Ինչպես վերը նշվեց՝ Սազանդարյանը կարգախոս ուներ. «Լավ է՝ հինգ տարի շուտ, քան՝ հինգ րոպե ուշ»: Նրա ասպիրանտը՝ Սուսաննա Մարտիրոսյանն ասում է, որ Տաթևիկ Սազանդարյանը հեռացավ՝ թողնելով իր դպրոցը, որն այսօր մեծ հաջողությամբ շարունակում են երիտասարդ կատարողները:

Երևանում կներակացվի «Աղետ» նախագիծը

$
0
0

Նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարը:

Նոյեմբերի 13-ին նույն նախագիծը պետք է ներկայացվեր Ստամբուլում՝ Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքում, սակայն  Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկեց այն՝ պատճառաբանելով, որ այդ օրը դահլիճը չի տարամադրվում որևէ միջոցառման համար:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները համերգին հրավիրել էին Էրդողանին: Հենց այս հրավերից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն չեղարկեց համերգը, ինչը  մեծ բողոքի ալիք է բարձրացրել հենց գերմանացիների շրջանում:

Երևանյան համերգին կմասնակցեն Դրեզդենի սիմֆոնիկի  երաժիշտերը, որոնց կմիանան Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Ազգային ֆիլհարմոնիկի և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտները:

Նշենք, որ «Աղետ» նախագիծը արդեն 2 տարվա պատմություն ունի: Այն մեկնարկել է Բեռլինում և լայն արձագանք է գտել հանրության շրջանում:  Ավելի ուշ այն նաև ներկայացվել է Դրեզդենում: Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը և 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն էր, որպեսզի Գերմանիան ճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Էրդողանը Գերմանիայից պահանջել էր, որ  փակվի այդ նախագծը, սակայն դա տեղի չունեցավ:

Հայացք աշխարհին.ի՞նչ են նկատում եւ նկարում երեխաները

$
0
0

hasmikmartirosyan
Խնկո Ապոր անվան ազգային մանկակական գրադարանը գրապահոց լինելուց բացի դարձել է մշակութային կենտրոն՝ պարբերաբար հարթակ տրամադրելով երեխաներին իրենց ստեղծագործությունները մասսայականացնելու համար: Նախօրեին գրադարանը հյուրընկալել էր «Մակսեդան» օտար լեզուների դպրոցի սաներին: 6-13 տարեկան ստեղծագործողները, որոնք առաջին անգամ էին նմանօրինակ ցուցահանդեսի մասնակացում, ներկայացան գունային ողջ ներկապնակով, երեւակայական թռիչքով ու հեքիթային բարի հերոսներով:

 

Գույներ, գույներ, գույներ: Ըստ հոգեբանների, երեխանները նկարչության միջոցով ներկայացնում են իրենց ներաշխարհը, հոգեվիճակը, մտորումները, անհանգստությունները, ընկալումները: Եվ, ի տարբերություն մեծահասակների, երեխաներին է հաջողվում ամենագորշ իրականության մեջ անգամ ապագան տեսնել վառ գույներով: Գունային վառ ներկապնակով ու նույնքան երփներանգ ներաշխարհով Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում իրենց հասակակիցներին ներկայացան «Մակսեդան» դպորցի 6-13 տարեկան երեխաները: 9  ամյա Արի Ակոփը, ով ծնունդով Սիրիայից է՝ խաղաղություն է նկարել: Ինչո՞ւ խորագիրը ընտրեց խաղաղություն՝ հարցին, պատասախանեց ժպիտով. «Այն այսօր Սիրիային ու ամբողջ աշխարհին շատ է անհրաժեշտ»:

«Ես նկարել եմ եկեղեցի: Սրբատեղիի վերեւում հրեշտակներ: Փորձել եմ այս կերպ խնդրել, որ Աստված աշխարհին խաղաղություն բերի, չլինեն պատերազմներ, ապրենք խաղաղ եւ երջանիկ»:

Խաղաղության եւ երջանկության վառ գույներով 13-ամյա Գառնին Աշուն է նկարել: Խոսելով ստեղծագործության պատկերային մասի մասին նշեց, որ իր պատկերցմամբ աշունը շրջանաձեւ է, իսկ գույները վառ՝ նարնջագույնից մինչեւ ոսկեգույն: Ինչո՞ւ շրջանաձեւ՝ պարզաբանեց. «Խայտաբղետ գույներով տերեւները շրջան կազմելով թափվում են ու գեղեցկացնում Հայաստանը: Իմ նկարի անունը Աշուն է: Նախընտրել եմ կարմիր, դեղին եւ նարնջագույն գույները»:

12-ամյա Դիմիտրիոսը պատկերել է երկիր մոլորակը՝ իր գույներով եւ պահանջներով: Շրջակա միջավայրի պահապանության ջատագովը, դեմ է վերջինիս աղտոտմանը, անգամ բնապահպաներին ու ղեկավարներին իր նկարների միջոցով առաջարկներ է ներկայացնում, եւ մարդկությանը կոչ հնչեցնում:

«Որպեսզի մարդիկ նկարին նայեն եւ հասկանան, որ պետք չէ աղտոտել երկիր մոլորակը, ու հարկավոր է սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով: Չէ՞ որ Երկրին կարող է սպառնալ գլոբալ տաքացումը, այդ դեպքում դժվար օրեր կսպառնան մեզ: Հարկավոր է այսօրվանից հոգ տանել վաղվա օրվա եւ բնության մասին, հարկավոր է ստեղծել այլընտրանքային այլ աղբյուրներ՝ բոլոր ոլորտներում»:

Իսկ 8 էջից բաղկացած «Հրաշքների աշխարհ» գիրք-նկարների հեղինակ Մայրամիկը, իր երեւակայական անկյունն է ստեղծել:  Ու այսպես է նկարագրում իր հեքիաթային աշխարհը:

«Սիրում եմ օգտագործել կանաչը, դեղինը, վարդագույնը: Կանաչը խոտերն են նկարագրում, դեղինը՝ իմ լուսավոր ու վառ արեւը, իսկ կապույտը՝ պարզ երկինքը»:

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 100 աշխատանքների գլխավոր հեղինակ, նկարչության ուսուցչուհի Հռիփսիմե Ամիրջանյանը, գնահատելով եւ ներկայացնելով իր սաների աշխատանքները, ուրախությամբ նշեց, որ երեխաները մատիտների օգնությամբ արտահայտում են իրենց սերը, ցանկությունները, պատկերում երեւակայական մտորումները: «Աշխարհն ընկալում են զգայարաններով, իսկ ապրումները պատկերելու ամենակարող գործիքները դա կտավն ու վրձինն է»,-ասաց նկարչության ուսուցչուհին:

Շնորհակալություն հայտնելով Խնկո Ապոր գրադարանի ղեկավարությանը նման հնարավորություն տրամադրելու համար, դպրոցի տնօրեն Անուշ Սեդրակյանը նշեց, որ իրենք պատրաստ են մասնակցելու բոլոր մշակութային ծրագրերին, եթե վերջիններս իսկապես բացում են երեխայի անհատական տաղանդը եւ հնարավորութունները, «չեն դնում նրան որեւ շրջանակների ու սահմանագծի մեջ»:

«Մենք կարողանում ենք, երեխաներին թողնել հարմոնիկ զարգացման գեղեցիկ շրջապտույտում, եւ տեսնում եք արդյունքը որքան կրեատիվ է»:

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական պատվոգրեր, ծանոթացան Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, շրջեցին գրադարանում՝ անուղղակի դառնալով Խնկո Ապոր գրադարանի ապագա ընթերցող:

Viewing all 1032 articles
Browse latest View live