«2017 թվականի ծրագրերում կնախատեսվի ոչ թե միանգամից բոլոր պատմամշակութային հուշարձանների նորոգում, այլ առնվազն վեց-յոթ, բայց պետք է վերանորոգվի մինչև վերջ». հուշարձանների վերականգնման ոլորտում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի սկզբունքային մոտեցումն է: «Հուշարձանների վերականգնման գործընթացի օպտիմալացման դեպքում աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա բոլոր առումներով, անգամ՝ կոռուպցիոն ռիսկի նվազման»,-համոզված է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում որդեգրված նոր քաղաքականության մասին է «Ռադիոլուր»-ի անդրադարձը:
Մակարավանք, Գոշավանք, Հաղարծին, Վարագավանք… Տավուշի մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում վանքերն ու եկեղեցիները:
«Մի մասը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ, մյուս մասը՝ ՀՀ մշակույթի նախարարության: Երկու դեպքում էլ ուշադրության, խնամքի ու վերանորոգման կարոտ հուշարձաններ ունենք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Տավուշի մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում թեմի առաջնորդն առաձնացնում է Կիրանցի, Առաքելոց, Ջուխտակ վանքերը, նաև Գոշավանքը: «Մակարավանքը վտանգված չէ, բայց խնամքի կարիք ունի: Այսօր մենք խաչքարերի պահպանության լուրջ խնդիր ունենք, նաև զանազան հուշարձանների, որոնք անտառներում են գտնվում»,-ասում է հոգևորականը: Նրա համոզմամբ հուշարձանների պահպանության խնդիրն այսօր պետք է դիտարկել մարզերի զարգացման ընդհանուր ծրագրի համատեքստում:
Հոգևորականը համոզված է, որ հուշարձանների վերականգնման հարցում պետք է գերակայություններ սահմանել: Այդ խնդրին նա օրերս անդրադարձավ նաև Դիլիջանում հրավիրված խորհրդակցության ժամանակ:
«Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի եկեղեցի է վերանորոգում եւ արդյունքում իհարկե դրանից եւ ոչ մեկի նորոգման աշխատանքներն ավարտին չի հասցնում»,-խորհրդակցության ժամանակ ասել էր Տավուշի թեմի հոգևոր առաջնորդը։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշեց, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդամենը մեկ ամիս է պաշտոնավարում, այնպես որ իր խոսքն ուղղված էր ոչ թե նրան, այլ իրականացվող քաղաքականությանն ընդհանրապես: «Ես ծանոթ չէի նախարարի դիրքորոշմանն ու հանձնարարականին, սակայն ուրախ եմ, որ մեր տեսակետն այս հարցում համընկնում է»,-ասում է հոգևորականը:
Նկատենք, որ հիշյալ խնդիրը մշակույթի նախարարը բարձրաձայնել է նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին շաբաթներին ու հանձարարականներ տվել նախարարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի 2017 թվականի ծրագրերում նախատեսվի ոչ թե միանգամից բոլոր պատմամշակութային հուշարձանների նորոգում, այլ առնվազն վեց-յոթ. «Բայց պետք է վերանորոգվի մինչև վերջ». նախարարի սկզբունքային մոտեցումն է։ Այս մոտեցման մասին նա խոսեց նաև օրերս՝ լրագրողների հետ հերթական ճեպազրույցում
«2017 թվականի բյուջեով պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանն ու կառուցմանը՝ ենթակառուցվածքների հետ միասին»:
«Հուշարձանների վերականգնման գործընթացի օպտիմալացման դեպքում աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա բոլոր առումներով, անգամ՝ կոռուպցիոն ռիսկի նվազման»,-համոզված է Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: